Միջազգային՝ «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին։ Մայիսի 16-ին տեղի կունենա հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգության հայաստանյան պրեմիերան։ «7 օր, 7 գիշեր»-ը պարզապես հերթական ֆիլմը չէ, այն ներկայացնում է հայկական հարսանիքի ավանդույթը եւ հայկական մշակույթն արտահանում է այլ երկրներ։
Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, ում կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում նրան ի վերջո հանջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր եւ 7 գիշեր տեւող հայկական ավանդական հարսանիքը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար, սակայն հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում, իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, ում նա եղբոր խնդրանքով պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։ Այժմ նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը՝ ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին, Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վեր են ածում իսկական քաոսի։
««7 օր, 7 գիշեր»-ը ֆիլմում ներկայացված է գեղեցիկ ընտանեկան սիրո պատմություն։ Առկա է շատ բարի հումոր. այն ընտանեկան դիտման կինոնկար է։ Ֆիլմում առկա տեսարանները նույնպես շատ գեղեցիկ են, այն նկարահանվել է Հայաստանում, եւ արտացոլում է մեր երկրի գեղեցիկ բնապատկերները։ Ֆիլմի նպատակն է հայաստանյան եւ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել հայկական ավանդական հարսանիքը՝ իր գեղեցիկ տարրերով։ Սա հերթական կատակերգությունը չէ։ Այս ֆիլմը յուրատեսակ ձեւով հանրահռչակելու է հայկական մշակույթը տարբեր երկրներում։ Մենք հույս ունենք, որ ֆիլմի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում եւ տարածում կստանա»,- նշում են ֆիլմի հեղինակները՝ փաստելով, որ «7 օր, 7 գիշեր»-ի շուրջ համախմբված են եղել լավագույն մասնագետները։
Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղեւոնդ Անդրեասյան, Տիգրան Համբարձումյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լեւոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը Hayat Project-ն է։
Նշենք նաեւ, որ Հայաստանյան պրեմիերայի հետ զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաեւ մի շարք ԱՊՀ երկրներում։
ՖԻԼՄ «ՎԵՐԱ»
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» ֆիլմի դերասանների ընտրությունները գրեթե ավարտված են։
Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է արցախցի մի կնոջ կյանքի մասին, ով Արցախի պաշարման օրերին ոտքով երկար ճանապարհ է կտրել՝ ձեթ եւ շաքարավազ գտնելու նպատակով, որպեսզի կարողանա իր երեխաներին սնունդով ապահովել, այդ իսկ պատճառով ֆիլմում նկարահանվելու համար հրավիրում էին նաեւ արցախցիների։
Նշենք, որ «Վերա»-յի նկարահանումները նախատեսված են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն մայիսի վերջին լինելու են փորձնական նկարահանումներ։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԱԼՔԻՄԻԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ 9-ՐԴ ԴԱՐԻ ՏԱՐԱՆԵՐ
9-րդ դարին թվագրվող եւ ալքիմիային վերաբերող տարաների խումբը հայտնաբերվել է Դվինի տարածքում՝ տարբեր տարիներին արված պեղումների արդյունքում։ Այն ցույց է տալիս, որ միջնադարյան Հայաստանում ալքիմիայի զարգացումը հնարավորություն է տվել մասնագետներին բյուրեղացնել եւ ստանալ քիմիական տարբեր նյութեր:
Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության եւ դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Համազասպ Աբրահամյանը նշում է, որ միջնադարյան Հայաստանում ալքիմիան հնարավորություն էր տալիս մասնագետներին բյուրեղացնել, գոլորշիացնել, նստեցնել եւ ստանալ տարբեր քիմիական նյութեր:
«Հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել ենք ալքիմիային վերաբերվող բազմաթիվ առարկաներ, որոնց մասին նկարագրություններ կան միջնադարյան բազմաթիվ ձեռագրերում»: Գիտաշխատողը նաեւ պատմեց՝ շատ հետաքրքիր է սնդկամանի պատրաստման տեխնոլոգիան, որը նկարագրված է ձեռագրերում, որտեղ ներկայացվում է մոմի կաղապարի միջոցով պատրաստման եղանակը։ Ըստ նկարագրության՝ վերցրել են ընկույզի չափ մոմը, վրան դրել մախաթասեղ ու այդ ամենը պատել են հրակայուն կավով, ինչի արդյունքում ստացել են փոքր ներսույթով, հաստ պատերով եւ ասեղի բարակության իրանով մի առարկա, որ հնարավորություն է տվել հերմետիկ պահել զանազան նյութեր:
ԱՊՐԵԼՈՒ ՁԱՅՆԸ ՀՆՉԵԼՈՒ Է ՄԻՇՏ
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է եւս միջոցառում։ Գրական երեկոն նվիրված է եղել Արցախի բարբառին, որի ընթացքում «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաները հանդես եկան արցախյան բարբառով գրված մի շարք երգերով։
Արցախի գրողներից ընթերցվել են Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի, Վազգեն Օվյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արիս Գրիգորյանի, ինչպես նաեւ` երիտասարդ գրող Վաչիկ Դադայանի ստեղծագործություններից։
Երեկոն վարել է Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։
Արցախի բարբառը, որպես ոսկեղենիկ մայրենիի մի ճյուղ, ունի իր առանձնահատկությունները, որին անդրադարձել է երիտասարդ բարբառագետ Ռենա Մովսիսյանը։
Ելույթով հանդես են եկել «Դիզակ Արտ» կենտրոնի հիմնադիր Երազիկ Ավանեսյանը, գրականագետ Նոնա Դավթյանը, հրապարակախոս, թարգմանիչ Միքայել Հաջյանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը։
Ընթերցվել են հատվածներ Արցախի բանահյուսությունից, որի շուրջ կազմակերպվել է հետաքրքրաշարժ հարցուպատասխան։
Ներկաները անդրադարձել են Արցախի սովորույթներին, օրհնանքներին, տարածված շրջասույթներին, կիսվել իրենց տպավորություններով։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ երգիչ Արթուր Խաչենցը` Արցախի բարբառով գրված երգերով։ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը խոստացել է, որ «Ապրելու ձայնը» նախագիծը շարունակական է լինելու` Համազգայինի շուրջը համախմբելով Արցախի գրողներին ու արվեստագետներին։
«ԷԹՆՈ ՋԱԶ»-Ը՝ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ կայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։ Շվեյցարական Authentic Light Orchestra-ն /երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով/ հանդիսատեսին ներկայացավ հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։
Խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհը եւ հանդես եկել հեղինակավոր դահլիճներում:
Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը եւ Միքայել Ոսկանյանը:
Հավելենք, որ համերգին մաանակցում էին նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյանի ղեկավարությամբ:
Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտի-ինստրումենտալիստ Վալերի Տոլստովի կողմից 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական եւ դասական երաժշտության տարրերը: 2016 թվականին խումբը Սերժ Թանկյանի հետ ձայնագրել են հոլիվուդյան The Promise ֆիլմի սաունդթրեքը։ Սաունդթրեքը ձայնագրվել է Authentic Light Orchestra-ի եւ String Orchestra-ի հետ Մոսկվայում, Mosfilm-ի ստուդիայում:
Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդեւ (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռեւնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյան (շեփոր), Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):Համերգի կայացմանը աջակցել են՝ «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոնը, «Տաշիր սթրիթ» առեւտրի կենտրոնը, «Սիրուն սքին-բարը» եւ «Գաթա» պանդոկը:
Շարունակելով հոբելյանական համերգների շարքը «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։