ՖՈՏՈ. 30 տարի առաջ Արցախի ԱԺ-ն սահմանեց «Շուշիի ազատագրման համար» մեդալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30 տարի առաջ հենց այս օրը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունեց որոշում՝ սահմանելով «Շուշիի ազատագրման համար» մեդալը. Արցախի պետական պարգև, որով պարգևատրվում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ազգային անվտանգության պետական վարչության, ներքին գործերի նախարարության այն զինծառայողները, կամավորական ջոկատների ազատամարտիկները, ովքեր Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաև Շուշիի ազատագրման կազմակերպիչներն ու ղեկավարները։

Ութանկյուն մեդալը, որը պատրաստված է հատուկ ձուլվածքից, ունի 32-մմ լայնություն և 42-մմ երկարություն։ Մեդալի երեսին՝ վերևում «Արցախ», ներքևում «Շուշի» մակագրություններն են, կենտրոնում՝ արծվի պատկերը, որի աջ թևի վերևում պատկերված է խաչ։ Այն երիզված է ութանիստ շրջանակով։ Մեդալի հակառակ կողմում՝ «Շուշին ազատագրված է 1992. 9 մայիսի» մակագրությունն է, որի ներքևի հատվածում պատկերված է երեք խաչ։ Պատկերները և մակագրություններն ուռուցիկ են։

Ամրակալի և ուղղանկյան օղակի միջով մեդալին միացված է ուղղանկյունաձև շերտաձողիկ՝ 32 մմ լայնությամբ Արցախի դրոշի երեք գույներով, մետաքսե դափնեպսակով զարդարված ժապավենով։

Մեդալով պարգևատրվել է ավելի քան հազար մարդ:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս