IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։
Մինչև տարեվերջ ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս հատկացնելու է 40․000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ դա ենթադրում է ամբողջ Հայաստանով մեկ շուրջ 21 000 վաճառակետ։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում արցախցիներին ուղղված միջոցառումները, նշում է՝ «Քո կողքին» ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ լինելու է շարունակական ու երկարատև։ «2020թ․ պատերազմից հետո IDBank և Իդրամ ընկերություններն Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքի պայմանների բարելավմանն ու կրթությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացրել։ Ցավոք, այսօրվա ծանր իրականությունում, երբ Արցախը կորսված է, մենք մեկնարկում ենք «Քո կողքին» ծրագիրը, որն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և միտված է կյանքի բարդ պայմաններում հայտնված մեր հայրենակիցների բազմաթիվ հոգսերի թեկուզ շատ փոքր մասը թեթևացնելուն», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն։ Շահառուների ցանկը ձևավորվել է ըստ մեր ընկերությունների խմբի աշխատակիցների ներկայացրած տվյալների, որոնք մանրամասն ուսումնասիրվելուց հետո հաստատվել ու անցել են ծրագրի վերջնական փուլ։ Մեզ համար կարևոր է այս փուլում ևս, երբ աջակցության հիմնական ծրագրերը ավարտվել են, լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին», – հավելում է Տաթևիկ Վարդևանյանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ