Կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի տեղակալը բախվել է «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, վերջիններիս պարտադրել է կտրված ծառերն իր տուն տեղափոխել: Իսկ երբ աշխատակիցները հրաժարվել են, Վարդենիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Հայկ Մերգելյանը հանել է զենքն ու կրակել:
Պատմությունը ներկայացվում է տարբեր ձեւերով` կռվի մասնակից կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ ինքը մեղավոր չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` կիրակի օրը` ժամը 16:45-ի սահմաններում, Վարդենիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Հայկ Մերգելյանը, անցնելով Ծովակ գյուղի մոտով, նկատում է, որ այդ տարածքում ծառահատում է կատարվում: Վերջինս ոստիկանությունից խումբ է հրավիրում եւ 4 հոգով մոտենում են` պարզելու, թե ինչ է կատարվում: Ծառահատողները պատասխանում են, թե իրենց հանձնարարված է ծառերը հատել, իրենք էլ հատում են: Մերգելյանը պահանջում է թույլտվությունը, սակայն ի պատասխան` ասվում է, որ թույլտվություն չկա, բայց ղեկավարները տեղյակ են: Վարդենիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալը ծառահատողներին հրավիրում է բաժին` տեղում պարզելու համար` կա արդյո՞ք ծառահատման թույլտվություն, թե՞ ոչ:
Երբ Մերգելյանը ծառը հատողների վարորդից պահանջում է մեքենան տանել բաժին, վերջինս ընդդիմանում է` ասելով, որ ինքը կդատարկի փայտն ու կգնա: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցներն ու ծառահատողները սկսում են միմյանց քաշքշել, հայհոյել… Արդյունքում Հայկ Մերգելյանը հանում է իր մոտ եղած հրացանն ու օդ կրակում: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանում ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ երկու կողմերին էլ (6-7 հոգու) հրավիրում ոստիկանության բաժին:
Ի դեպ, դեպքի մասնակիցներն են եղել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Հայկ Մերգելյանը, «Սեւան» ազգային պարկի տեղամասի պետեր` 31-ամյա Արմեն Սարգսյանն ու 61-ամյա Աղաբեկ Սարգսյանը, անտառաբան 46-ամյա Արտակ Ալեքսանյանը, 27-ամյա Անտոն Սարգսյանը, տեղամասային պետ 20-ամյա Արամ Սարգսյանը, 41-ամյա Աբել Դանիելյանը եւ անտառաբան, 35-ամյա Հունան Հարությունյանը, որը փախուստի է դիմել եւ չի ներկայացել բաժին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վիճաբանողները նույնիսկ պատռել են Մերգելյանի բաճկոնը (վերջինս քաղաքացիական հագուստով է եղել):
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի հետ, որը, բանից անտեղյակ, կցկտուր պատասխաններ էր տալիս` նշելով, թե ինքը միայն խոսակցություններ է լսել: «Իմ իմացած տեղեկություններով` ճանշինը դիմել ա Վարդենիսի մասնաճյուղին, որ ինչ-որ ծառ ա ջարդվել, ընկել ճանապարհին: Իմ լսած վերսյան ա, գնացել են, որ էդ ծառը հանեն, ընդ որում, ասում ա` գային ընդեղ ա էղե, որ կարգավորի ճանապարհը, ես հասկացել եմ էսպես. ափին մոտիկ ծառ ա եղել, քամին ջարդել քցել ա, գնացել են, որ հանեն»,-ասաց գործից «անտեղյակ» ղեկավարը: Նշենք, որ այս պաշտոնյան երբեւիցե հարցերին կոնկրետ չի պատասխանում, չնայած պարտավոր է իր կառույցի վերաբերյալ տեղեկություն իմանալ եւ տրամադրել: Բայց թե ինչով է նա զբաղված, հասկանալի չէ: Վերջինս «ցրում» է խոսակցությունը` սրա-նրա վրա գցելով, եւ անգամ տեղյակ էլ չէ, թե ի վերջո, որտեղ են հայտնվել «կռվախնձոր» դարձած փայտն ու իր աշխատակիցները: Գնդոյանը կրկնում էր, որ գործը ոստիկանությունում է գտնվում, եւ իրենք էլ պետք է պարզեն իրականությունը: Միայն խոստացավ, որ եթե պարզի` իր աշխատակիցներին անտեղի են «կպել», միջոցներ կձեռնարկի:
«Սեւան» ազգային պարկի Վարդենիսի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Մխիթար Հարությունյանից տեղեկացանք, որ Վարդենիսի ճանշին «Կապավոր ՍՊԸ»-ի ղեկավար Գեւորգ Փոստոյանը պաշտոնական գրություն է ուղարկել այն մասին, որ Վարդենիս-Մարտունի ճանապարհահատվածում 5 հատ սոճի տեսակի ծառեր քամու պատճառով ընկել են եւ փակել ճանապարհը: Վերջինս Վարդենիսի մասնաճյուղի պետին հանձնարարել է մի քանիսի օգնությամբ գնալ եւ ընկած ծառերն այդտեղից տեղափոխել «Սեւան» ազգային պարկի բակ: Կիրակի օրը` ժամը 12:00-ի սահմաններում, գնացել են դեպքի վայր եւ այդտեղից դուրս բերել ընկած ծառերն ու դրել մեքենայի մեջ:
«Հետո ոստիկանության բաժնի պետի տեղակալը, իրա մեքենայով, գրաժդանսկի հագած, գալիս ա ըտեղ ու հարցնում ա տղերքին, թե ինչ եք անում, հետո ասում ա, թե լավ եք անում ու գնում ա բաժին, 4 հոգի մարդ ա վեկալում հետը ու գալիս, թե էս մեքենան պտի տանեք իմ հայաթ, սրանք էլ` ոնց թե Ձեր հայաթ, էս էլ զենքը հանում ա, կրակում ա տղերքիս վրա: Հետո պահում ա զենքը տեղամասի պետի տղու ճակատին, ասում ա` հեսա գլուխդ կցխեմ, հետո իրար քաշքշում են, տղերքն էլ փետերը սամասվալ են անում, ասում են` ինչ անում ես արա՛, իրանց տղերքից երեք հոգի խմած են եղել, իսկ իմ տղերքից ոչ ոք խմած չի եղել, հիմա ծառերն էլ ոստիկանությունում են»,-պատմեց «Սեւան» ազգային պարկի Վարդենիսի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ նյութեր են նախապատրաստվում:
Հ.Գ. Ի դեպ, դեպքի օրը զանգահարեցինք Հայկ Մերգելյանին, վերջինս ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է եղել, եւ ինքը տանն է, հանգստանում է: Իսկ երեկ ասաց, թե դատաբժշկի մոտ է, ուշ զանգենք: Կրկին փորձեցինք, սակայն էլի չպատասխանեց, ուստի մենք նրա մեկնաբանությունը չենք կարող ներկայացնել:
ՈՒԺԱՅԻՆԻ ԱՇԽԱՏՈՂԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ