Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը ջնջվել էր «Առաջին ալիք»-ի կայքէջից. ինչ է մանրամասնում «Առաջին ալիք»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին ալիքի նախկին լրագրող Մարինե Փատյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը:

«Անկեղծ ասած, Առաջին ալիք-ի կայքէջում փնտրում էի մեր սիրուն «Կյանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը, պարզվեց՝ ամբողջ շարքը կայքից ջնջված է, լավ է, որ ես արխիվները լավ պահելու սովորություն ունեմ, անպայման առանձին ափլոդ կանեմ ու կտարածեմ մեր սահմանամերձ հերոս-գյուղերի մասին պատմությունները ու կսկսեմ Ոսկեպարից։ Իսկ քանի դեռ էս անոնսն էլ չեն ջնջել, սա տարածեմ՝ 1 ու կես րոպեում սահմանապահ մարդիկ հայրենիք սիրելու իրական ճանապարհն են ասում։ Ու ի դեպ, էն որ ասում են՝ նոր հիշեցիք Ոսկեպարի եկեղեցու մասին։ Շարքը 2017-ին ենք նկարահանել, Ոսկեպարի եկեղեցու մասին ոչ միայն հիշել ենք, այլև հենց եկեղեցու շնորհիվ էլ այն ժամանակ Բագրատ Սրբազանի հետ ծանոթացա։ Սրբազանի գլխավորությամբ Տավուշի հոգևորականները հավաքվեցին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ու պատարագ մատուցվեց, որին նաև մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ էին մասնակցում։ Երանությամբ եմ հիշում այդ օրերը, երանությամբ հիշում էն ոգին, որ կար, որ պետք է նորից արթնանա․․․

Հ․Գ․ Շարունակեցի Հանրայինի կայքում դեգերումներս, պարզվեց՝ Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմն էլ է հեռացվել։ Չէ, լու՞րջ, դասագրքերից էլ է ամբողջը ջնջվելու, վե՞րջ, 30 տարին չի՞ եղել։ Ախր իմ, էն մյուսի ձեզ չներելը մի կողմ, էս հայրենիքը ձեզ չի ներելու, ուրանալն էլ ո՞նց է լինում։ Ձեր անձնագրերն էլ այրեք կամ “քաղաքացիությունը՝ Հայաստանի Հանրապետություն” հատվածն էն սպիտակ ներկով փակեք:
Հ․Գ․ 2 Անգամ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մասին մեր պատրաստած խաղարկային տեսարաններով դոկումենտալն է ջնջվել»։

ArmLur.am-ը փորձել էր կապ հաստատել «Առաջին ալիքի»-ի աշխատակիցների հետ, հասկանալու համար, ի՞նչն է պատճառը ֆիլմի հեռացման, սակայն մեզ ուղղորդեցին՝ հարցում ուղղարկել, որին ի պատասխան հայտնեցին.

«Հանրային Հեռուստաընկերությունը իր հեռուստակոնտենտն ամբողջական տարբերակով առցանց տիրույթում տեղադրում է երկու հարթակում՝ YouTube և Vimeo։

«Կյանքը սահմանին» շարքը տեղադրված է եղել հենց Vimeo հարթակում, որի օգտահաշիվը տեխնիկական խնդիրների պատճառով ամիսներ առաջ ջնջվել է։

Հեռուստատեսությունը այս շրջանում արխիվային տեսանյութերն աստիճանաբար տեղափոխում է նոր բացված օգտահաշիվ։ Հաշվի առնելով «Կյանքը սահմանին» շարքի հետ կապված հասարակական լայն հնչեղությունը՝ Հեռուստաընկերությունը հրատապության կարգով այն արդեն հարապարակել է նոր օգտահաշվում»-ասվում է պատասխան նամակում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս