Երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մտնելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարան, տեսել է գործարար Սիլվա Համբարձումյանին եւ հարձակվել նրա վրա:
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Ավելին, այն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Սուրեն Խաչատրյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը, այլ գնել: Դրանից հետո մարզպետը Հայաստանի միակ կին խոշոր գործարարին անվանել էր հոգեկան հիվանդ, իսկ տիկին Սիլվան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեռ ուրբաթ օրն ասել էր, թե Սուրեն Խաչատրյանը «նարկոման է»:
Այս հեռակա բանավեճը թեժացել է «Մարիոթ»-ում, երբ տիկինը զրուցելիս է եղել «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Խաչատրյանի հետ է եղել նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Մարզպետը նախ փորձել է ոտքով հարվածել տիկին Սիլվային, սակայն չի կարողացել, վերարկուն խանգարել է, այնուհետեւ ձեռքով հարվածել է գլխին: Տիկին Համբարձումյանի վրա հարձակված Լիսկային կարողացել են հեռացնել ներկաները: Հայտնի է, որ ԱԺ պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանն այնտեղ են եղել: Սակայն Խաչիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ներս է մտել այն պահին, երբ ամեն ինչ վերջացած է եղել: Իսկ Մենուա Հարությունյանն անհետ կորել էր, մեր զանգերին չէր պատասխանում:
Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը 15:30-ի սահմաններում հյուրեր է ունեցել, երբ հանկարծակի ներս է մտել Սյունիքի մարզպետը եւ «վրա տվել»: Տիկինը ոչ ոքի անունը չնշեց, թե ովքեր են փորձել մարզպետին հեռու տանել, բայց ասաց, որ կդիմի ոստիկանություն, որից հետո միայն հնարավոր կլինի վերցնել հյուրանոցի տեսագրությունները: Մեր զրուցակիցը շատ հուզված էր եւ ասաց. «Բոլոր տղամարդիկ ներողություն էին խնդրում իր փոխարեն, մենք շուտով կդիմենք ոստիկանություն եւ տեսագրությունը կներկայացնենք: Ինքը երեւի ինձ էր փնտրում, ասում են, որ անընդհատ մտել, դուրս էր եկել»:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասել էր, որ դատի է տալու գործարար կնոջը, սակայն դեռեւս դատական հայց չի ներկայացրել: Տիկինը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը եւս կարձագանքի մարզպետի անշնորհք պահվածքին:
Երեկ չկարողացանք զրուցել Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նրա կողմնակիցներից տեղեկացանք, որ իրենք լուրջ կասկածներ ունեն, որ Սիլվա Համբարձումյանի թիկունքում ինչ-որ ուժ կա կանգնած, որը խնդիր է դրել մի քանի պաշտոնանկություններ ապահովել Սերժ Սարգսյանի համար, դրա համար էլ սադրում է:
Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում Լիսկայի նկատմամբ գործ հարուցվի:
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋ ԳԼԽԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ