Ապրիլի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների կողմից ճամպրուկով տղամարդը, որին իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում երթուղայինից իջեցրել էին Երևան քաղաքի դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի սանիկն է:
ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Պետրոսյանի սանիկ Արան նրան գեղեցիկ փաթեթավորված տոպրակ է տվել՝ նշելով, որ իր կինը կգա կվերցնի:
Արդյունքում, իրավապահները օպերատիվ տվյալներ են ունեցել, որ դատավորի մեքենայում հափշտակված իրերից որոշակի մաս է հայտնաբերվել: Ստացվում է, որ սանիկը հափշտակված իրերի մի մասը տվել էր դատավորին, իսկ ահա մի մասն էլ ճամպրուկով տեղափոխում էր այլ վայր, որին ճանապարհին բռնեցին, եւ նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»:
Քնար Մանուկյան