Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. 1973 թվականի օգոստոսի 5-ին Արմավիրի Ոսկեհատ գյուղում ծնված հոգևորականը (ավազանի անունը Սամվել) 1996 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում:
1996 թվականին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի, և մեկ տարի անց՝ կուսակրոն քահանա, 2001 թվականին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:
2004 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 2023 թվականին արժանացել արքության պատվի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
1996 թվականից առ այսօր եղել է Վեհարանի քարտուղար, Մայր Աթոռի պարետ, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար, «Մայր Աթոռ-թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն, Մայր Աթոռի ներկայացուցիչ ՀՀ Ազգային Ժողովում, Վանական խորհրդի անդամ, Ծիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետ:
Դասախոսել է Գևորգյան ճեմարանում, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է և 2001 թվականից առ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետն է:
Հուրի Բաղդասարյան