ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի սկանդալային տեսահոլովակը, որտեղ կուլտուրական պաշտոնյայի իմիջով մեր վարչապետը հարբած շնորհավորում է ուսանողներին, քաղաքական դաշտում շարունակում է մնալ քննարկվող թեմաների հիթ տասնյակում: Եւ այդ իրողությունը տարբեր տեսանկյուններից կարելի է մեկնաբանել` սկսած նրանից, որ Տիգրան Սարգսյանը Եվրոպայից վերադարձավ ու «հարբեց», վերջացրած ներիշխանական «ռազբորկաներով»:
Սովորաբար, երբ որեւէ հարց շատ է քննարկվում` առանց վերջակետի, նշանակում է, որ այդ պատմության մեջ մութ կետ կամ կետեր կան: Փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված «հարբած վարչապետի» պատմության հետեւում:
Նախ` ինչո՞ւ էր Տիգրան Սարգսյանը ելույթ ունենում ոչ թե բեմից, ինչպես ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը, այլ աստիճանների մոտ: Արդյո՞ք նա այնքան հարբած էր, որ չէր կարող հասնել մինչեւ բեմ, դրա համար խոսափողն են նրան մոտեցրել: Չի բացառվում` հաշվի առնելով այն իրողությունը, որ ոչ ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե վարչապետի ելույթը նախատեսված չի եղել: Այն սպոնտան է եղել` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Բացի այդ, ակնհայտ երեւում է, որ վարչապետի բառերի վերջավորությունները երբեմն կիսատ են մնում, ոլորտ բառը նա արտասանում է «ոլոլորտ» եւ այդպես շարունակ: Այսինքն` անզեն աչքով երեւում է, որ Տիգրան Սարգսյանի հետ ինչ-որ բան այն չէ: Եւ փոխանակ վարչապետը վեր կենա ու պարզաբանի, թե ինչու է այդ օրն ընկել եւ ներողություն խնդրի հայ հասարակությունից` խայտառակ ելույթի համար, հերթական անգամ մեղքը փորձում է ուրիշի վրա բարդել: Ի վերջո, ամեն ինչն էլ մարդու համար է, եւ պետք չէ քաղաքացիներին ուղղակի խաբել «զվարճանալով»: Սարգսյանն իր բլոգում գրել է. «Բարեկամնե՛ր, ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել եւ տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եւ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց: Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը եւ, անկեղծ ասած, այն ինձ եւս զվարճացրեց»:
Սա նշանակում է, որ մի ողջ երկրի վարչապետն իր խայտառակությանը զվարճանքով է վերաբերվում` այս անգամ էլ մեղքը բարդելով Հ1-ի վրա, որը ֆինանսավորվում է պետության միջոցներով եւ ում, ում, բայց վարչապետին խայտառակելու «ռիսկ» չուներ, եթե այլ «մութ անկյուններ» չկան այս պատմության մեջ: Ու թեեւ վարչապետի չարաբաստիկ տեսահոլովակը տարածել է «Արմենիա» հեռուստաընկերությունը, այնուամենայնիվ, վարչապետի մտքով անգամ չի անցնում դատի տալ ո՛չ Հ1-ին, ո՛չ «Արմենիա»-ին:
Իսկ մութ անկյուն ասվածն այս դեպքում, կարծում ենք, այն է, որ վարչապետը քար է գցում Սերժ Սարգսյանի փեսա, լրատվական դաշտի մագնատ համարվող Միքայել Մինասյանի բոստանը, ով թեեւ վերջերս հրաժարական տվեց, բայց շարունակում է պահպանել իր ազդեցությունն ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտում: Այսինքն` Տիգրան Սարգսյանը Միքայել Մինասյանին է կասկածում` իր «գլխին սարքելու» մեջ: Բայց անգամ կասկածները բավականին զգուշավոր է հայտնում: Հ1-ն էլ իր հերթին է բավականին թույլ պատասխան տալիս (տե՛ս 2-րդ էջը)` ըստ էության չպատասխանելով: Իսկ թե ինչ սեւ կատու է անցել վարչապետի եւ Սերժ Սարգսյանի փեսայի միջեւ, խոսակցության այլ թեմա է:
Հիմա դառնանք վարչապետի որդեգրած մարտավարությանը. նա ամեն անգամ, երբ անհարմար իրավիճակում է հայտնվում, գտնում է թիրախների, որպեսզի նրանց մեղավոր հանի: Կովերի կրծքերը լվանալու հայտարարությունը որակվեց որպես վատ մոնտաժ, արտագաղթի հայտնի հայտարարությունը` կատակ, կոտրած տաշտակի հիշատակումը` լրագրողների սխալ մեկնաբանություն եւ այլն: Փաստորեն, այս պաշտոնյան, որին հովանավորում է գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշը, նշանակման առաջին օրվանից չհասկացվածության բարդույթ ունի: Իսկ Սերժ Սարգսյանն էլ նոր վարչապետ նշանակելու խնդիր ունի, քանի որ բոլոր «վարչապետացուները» խաղից դուրս են, եւ այլ հարմար թեկնածու չկա: Ասում են` մաֆիան գիշերները պտտվում է Տիգրան Սարգսյանի շուրջ, բայց առայժմ վրիպում է:
ԽՈՏԱՆՎԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ