Մայիսի 9-ը հայիրականության եռատոնն է՝ Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրը:
Արցախն ու արցախյան մարգարիտ Շուշին հայ իրականության և 2-րդ հանրապետության պատմության ամենափառավոր և, ցավոք, արդեն նաև ամոթի էջերն են: Պատմության, հույզերի ու զգացումների մասին արտահայտչամիջոցները բազմաթիվ են՝ ֆիլմ, երգ, ներկայացում:
Այսօր կանդրադառնանք արցախյան շարժմանն ու Արցախ աշխարհի պայքարին նվիրված մի քանի ներկայացման:
«Հարսանիք թիկունքում». Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Ներկայացում, որը մեծ ալիք բարձրացրեց հայ իրականության մեջ և թատերասեր հասարակության սահմաններից դուրս եկավ: Ներկայացման երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Հայկոն է:
«Պատերազմի ցեցը». Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Ներկայացումը, որը վերջերս է բեմ բարձրացել, պատմում է պատերազմի բովով անցնող ընտանիքի կյանքի մասին, որտեղ երկու եղբայրներից մեկը կամավորագրվում է, իսկ մյուսը իմաստ չի տեսնում պատերազմում և պայքարում:
«Արծվաբույն». Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Քարակապ գյուղում ջոկատին հրամայվում է պահել գյուղը: Սա ներկայացում է կյանքի, հայրենիքի և պատերազմի մասին:
«Հրաժեշտի չասված խոսքեր». Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Ներկայացումը հոգու ճիչ է Արցախի, Հայաստանի, Կրոնի , Եկեղեցու, Հայ Զինվորի մասին և նվիրվում է Արցախում նահատակված զոհերի հիշատակին:
«Հաղթանակի գենեզիս». Համազգային թատրոն
Իրական դեպքերի վրա հիմնված ներկայացումը պատմում է 1990-ականներին պատերազմով անցնող երեք հերոսների ճակատարգրերի մասին:
«Ի Զե՛ն». Երևանի կամերային թատրոն
Հոռետեսական կատակերգություն է, որը երաժշտական ներկայացմամբ անդրադարձ է կատարում հայ իրականությանը:
Հուրի Բաղդասարյան