«Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազան Գալստանյանի, Սուրեն Պետրոսյանի և Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ այսօր ժամը 16։00-ին կհասնեն Երևան։
Շատ անհատներ, քաղաքական և հասարակական գործիչներ էլ Հանրապետության Հրապարակում միանալու են երթին՝ հայտնելով իրենց աջակցությունը այդ երթին։
Չնայած նրան, որ երթը այսօր լինելու է Հանրապետության Հրապարակում՝ քայլերի մասին հստակ որևէ բան առայժմ չի ասվել և չնայած, որ դեռ ոչինչ չի ասվել, վաղ առավոտից ուժային մարմինները հայտարարություններ են տարածել։
Օրինակ Ազգային անվտանգության ծառայությունը առավոտյան հայտարարություն է տարածել, որ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Այս առթիվ ArmLur.am-ը կապ է հաստատել «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են ինչ-որ քայլերի դիմել, ինչին ի պատասխան Կոստանյանն ասաց․
«Չեմ կարծում, որ իշխանությունը որևէ քայլ կարող է անել, որովհետև այս ամբողջ ընթացքում տեսել ենք, որ Կիրանցից մինչև Աբովյան, մինչ երեկ, բացարձակ ոչ մի սադրանք քաղաքացիների կողմից չի եղել, ոչ մի հակաօրինական քայլերի ուղղորդում երթը առաջնորդողների կողմից չի եղել։ Հակառակը՝ հնչել են ատելությունը հաղթահարելու, սիրով, եռագույնով սևն ու սպիտակը հաղթահարելու մասին կոչեր Սրբազանի կողմից՝ մասնավորապես և երթի մասնակիցների բերանից դուրս չի եկել հակաօրինական կոչ ուղղված քաղացացիներին։ Այնպես որ ցանկացած քայլ, որ իշխանությունը կանի ուժայինների միջոցով՝ ոստիկանական կամ այլ անհասկանալի խմբավորումների կողմից, դրանք օգտագործվելու են իրենց դեմ և լինելու են ուղղված ժողովրդի դեմ։ Կարծում եմ, որ այդ նախազգուշացումները, որոնք որ տարածվում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից, դրանք պարզապես իշխանության հերթական վախի դրսևորումներն են»։
Անդրադառնալով ԱԱԾ-ի արած հայտարարությանը Կոստանյանն ասաց, որ կարծում է՝ բնական է, որ ուժային կառույցի կողմից հորդորներ են լինում։
«Նախ կարծում եմ, որ բնական և տրամաբանական է, որ ուժային կառույցների կողմից այսպես ասած հորդորներ են ուղորդվում և երկրորդ, կարելի է պարզապես դիտարկել, որ այս 6 օրերի ընթացքում, տեսնելով, որ երթը մեծ թափ է հավաքել, մասսայական է դառնում, ժողովրդի ավելի մեծ զանգվածներ են միանում Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի ու Գառնիկ Դանիելյանի կողմից առաջնորդվող երթին, բնականաբար շատ լավ հասկանում են, որ գուցե իրենց օրերը հաշված են, որովհետև ժողովուրդն ի վերջո արթնություն է ապրում, հասկանում է, որ չի կարելի շարունակել անարժանապատիվ կյանքով ապրել, կեղծ խաղաղության օրակարգի ներքո, ստի պայմաններում, որ 2018-ից մինչ օրս բերել է այս իշխանությունը ու ստիպում է ամբողջ ժողովրդին ապրել այդ ստի ու կեղծիքի մեջ»,- ասաց Աննա Կոստանյանը։
Մեզ հետ զրույցում Աննա Կոստանյանը նաև նշեց, որ իշխանությունը տեսնելով երթի մասսայականությունը և հասկանալով, որ կրիտիկական զանգված կհավաքվի Հանրապետության Հրապարակում, փորձում են վախեցնող հայտարարություների միջոցով մարդկանց զերծ պահել միանալու շարժմանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ էլ ասել էր, որ իշխանությանը «նռնակով» մոտենալու դեպքում բիրտ ուժ կկիրառվի։
Խոսելով այս մասին ևս, Աննա Կոստանյանն ասաց, որ այս ամենը վերագրում է վարչապետի վախի դրսևորումներին և մարդկանց շրջանում կասկածներ տարածելուն։
«Կարծում եմ պարզապես կասկածներ տարածելու, կասկածամտություն գցելու մարդկանց շրջանում, որ գուցե նմանատիպ քայլեր են նախապատրաստում, սա էլ կարող եմ վերագրել իր վախի դրսևորումներին, որովհետև արժանապատիվ կեցվածք ունեցող առաջնորդը, եթե որպես այդպիսին իրեն համարում է տվյալ անձնավորությունը, (չեմ կարծում, որ համարում է), նմանատիպ հայտարարություններով հանդես չէր գա։ Սա իր վախի հերթական դրսևորումն է։ Ի՞նչ է նշանակում՝ եթե «նռնակով» մոտենաք իշխանությանը՝ ուժ կկիրառեմ։ Ոչ վաղ անցյալում բոլորը 3 միլիոն վարչապետեր էին, ի՞նչ փոխվեց։ Փոխվեց այն, որ մարդիկ սկսեցին արթնանալ և հասկանալ, որ 2018 թվականից ի վեր ապրել են ստի ու կեղծիքի միջև»,- ասաց Կոստանյանն ավատելով զրույցը։
Աննա Սրապիոնյան