ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթին, որը վերաբերում էր արագաչափերին, բավականին բուռն արձագանքեց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ասաց, որ ավագանու հարցերը պետք չէ բերել ԱԺ, ապա կոչ արեց Ռուբեն Հակոբյանին չշահարկել այդ հարցերը:
Ռուբեն Հակոբյանին զայրացրեց Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի` Կորյուն Նահապետյանի շահարկմանը վերաբերող նախադասությունը:
«Բավական է շահարկեք «շահարկել» բառը, էնքան եք այդպես արել, որ էժանացրել եք դա:
Ես ասում եմ, որ պետք չէ Երևանը հակաերևանյան դարձնել, ձեր նմաններն ասում են` շահարկում եք: Ձերբազատվե՛ք դրանից, որ լուծում գտնենք »,- ասաց Հակոբյանը:
Լարված իրավիճակը մեղմեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով ասաց, որ ինքը հավատում է, որ Ռուբեն Հակոբյանն իրոք մտահոգված է խոսում արագաչափերի ու կարմիր գծերի մասին: