Հրազդանի 11 հիմնական դպրոցի տնօրենին ապօրինի որոշման համաձայն հեռացնում են դպրոցից․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենին, մարզպետ Ահարոն Սահակյանի ապօրինի որոշման համաձայն, հեռացրել են պաշտոնից։

Դպրոցի տնօրեն Քնքուշ Լևոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդում է, որ այս որոշմամբ քայլեր են արվում պառակտել դպրոցի կոլեկտիվը։

Տնօրենի պնդմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզպետը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը պաշտոնական հետապնդում են իրականացնում իրեն՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը:

«ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տիրում է ամենաթողություն: Նշված երկու պաշտոնյաները անբարեհաճ ու խտրական վերաբերմունք են ցուցաբերել /ցուցաբերում/ իմ հանդեպ, անհարգալից խոսակցություններ վարել ինձ հետ, մարզպետն անձամբ է իր աշխատասենյակում ինձ սպառնացել աշխատանքից ազատել: Ինչո՞ւ: ՀՀ Կոտայքի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի սրտի տնօրենը չեմ, քանի որ թույլ չեմ տալիս անօրինություններ կամ աշխատանքային խախտումներ, այլ՝ դպրոցը ներկայացնում օրինակելի, կառավարում 110 աշխատողներից կազմված անձնակազմ, 1539 աշակերտներ, իմ գործառույթները իրականացնում եմ հավուր պատշաճի, մեծ պատասխանատվությամբ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Լևոնյանը։

Քնքուշ Լևոնյանը պնդում է, որ իր նկատմամբ բացահայտ քինախնդրություն է դրսևորվում Կարեն Հունանյանի կողմից։

«Կարեն Հունանյանը, անձնական քինախնդրությամբ լցված իմ անձի հանդեպ, դեռևս 2016թ-ից, երբ ես նույն դպրոցի ուսումնադաստիարկչական աշխատանքների գծով տեղակալն էի, իր քրոջ անմիջական մասնակցությամբ, ով մեր դպրոցում աշխատում է որպես դասվար, մի քանի ուսուցիչներին տարբեր խոստումներ տալով, խաթարել է դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը. խմորումներ առաջացրել, մի քանի ուսուցչի օգտագործել  միաժամանակ իրենց սև գործն անելու համար, բողոք ներկայացնել մարզպետ Ա. Սահակյանին՝ ապացուցելու մարզպետին այն, որ ես չեմ կարողանում ապահովել դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ իմ հասցեին վիրավորող արտահայտություններ թույլ տալով»։

Մարզպետի ապօրինի որոշումից հետո, դպրոցում էլ ավելի լարված և անկայուն բարոյահոգեբանական վիճակ է ստեղծվել։ Լևոնյանը փորձել է հարթել իրավիճակը՝ փորձելով մանկավարժական նիստ գումարել՝ տեղում ծանոթանալու խնդրին, սակայն դա լիազոր մարմնին չի հետաքրքրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հեռացման որոշման կայացման հարցում ֆինանսական դերակատարում է եղել, այսինքն, ըստ լուրերի, կաշառքի գործոն է առկա։

Մարզպետի նախաձեռնությամբ անդադար ստուգայցեր է իրականացվել դպրոցում՝ կաթվածահար անելով դպրոցի և ուսուցիչների աշխատանքը։ Բողոքին հաջորդած առաջին ստուգայցից հետո դպրոց է ուղարկվել տնօրենին հեռացման որոշումը։

«Ստուգումից հետո 05.03.2024 թ. մարզպետը «նկատողություն» կարգապահական տույժ է կիրառում իմ նկատմամբ, որից հետո իր աշխատասենյակում սպառնում, որ «նկատողությունը տվել եմ, մի հատ էլ կտամ», որ «իր որոշման վրա ոչ մի պաշտոնյա չի կարող ազդել, անգամ իմ հորողբոր տղան»:  Ցավում եմ , որ ապօրինի որոշումներ կայացնող մարզպետ ունի Կոտայքը, եթե նա , դպրոցը  խայտառակող այդ մի քանի ուսուցիչներին տեղափոխեր այլ դպրոց կամ լռեցներ, ոչ թե խրախուսեր ու թևեր տար, այսօր մեր օրինակելի դպրոցի դեմքը կպահվեր։ Բայց ոչ, ինքն է կազմակերպել ու կազմակերպում անօրինական քայլեր դպրոցի դեմ։  Իր սպառնալիքը մարզպետն իրականացնում է 07.05.2024թ-ին՝ տալով 2-րդ նկատողությունը, լուծելով իմ աշխատանքային պայմանագիրը՝ կնքված 2020-ի օգոստոսին, անգամ իմ հետ չքննարկելով»։

Նարինե Աղասարյանն, ով ըստ տնօրենի իրականացրել է իր սադրիչ քայլերը, դպրոցի կարգ ու կանոնին հաճախ չի ենթարկվել։ Այս ապօրինի նախաձեռնությունից հետո Աղասարյանին նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Դպրոցն ունի 4 տեղակալ և իր այս քայլով մարզպետը ծաղրել է մի ամբողջ կոլեկտիվ, դպրոց՝ էլ ավելի սրացնելու իրենց համար «խիստ կարևոր» բարոյահոգեբանական վիճակը, ասեմ, որ Նարինե Աղասարյանը 2020թ-ին, իմ կողմից նշանակվել է ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալ և  անկարողունակ լինելով այդ պատասխանատու  պաշտոնում աշխատելու՝ ազատվել  է աշխատանքից`մնալով դասվար, որն էլ հիմա դարձրել իր վերժխնդրության զենքը։ Ուսումնական տարվա ավարտին մնացել են հաշված օրեր,  իսկ մեծն  մարզպետը «պարտադրաբար»,  ապօրինաբար տնօրեն է հեռացնում, քանի որ թքած ունի կրթության վրա, ուսուցիչների վրա, վերջին զանգի վրա, քննությունների վրա և վերջապես աշակերտների վրա, բերել է մի Նարինեի, ում բոլորն են ճանաչում, որի աշխատանքը բոլորը գիտեն, բերել է վերջնական ավերելու դպրոցը, այն դպրոցը, որին երեխայի պես փայփայել ենք, պահել, որտեղ կան պատվելի ուսուցիչներ, պատվախնդիր մարդիկ, որն ունի ծնողական հսկայական թասիբով համայնք, որ այսօր մի պատահական արարած ոչնչացնի այն»,- պատմում է Լևոնյանը։

ArmLur.am-ը պատասխանի և բացատրության ակնկալիքով դիմեց նաև Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանին։

Կոտայքի մարզպետի աշխատակազմից հայտնեցին հետևյալը.

«Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի ազատման որոշումը կայացվել է երկու կարգապահական տույժի արդյունքում։ Վերջին ժամանակահատվածում շուրջ 10 բողոք է ստացվել ուսուցիչներից։ Դպրոցում իրականացվել են ուսումնասիրություններ և տարբեր խախտումներ են արձանագրվել։ 11-րդ դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարված է, ու մենք գնում ենք առողջացման ճանապարհով։ Դպրոցում նաև ֆինանսական խնդիրներ կան, որոնց իրավական գնահատական կտրվի»։
Սպասենք իրավիճակի զարգացմանը։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս