ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մեծամասնությունը ոչ իշխանական ուժերին ասում է` ինչի եք յուղ լցնում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա:
«Այսինքն` եթե վերծանենք այդ նախադասությունը, այն նշանակում է հետևյալը` ինչի եք փորձում խանգարել թալանչիների մասնավոր ռեկետի անդորրը: Ուրեմն ասեմ` խանգարելու ենք»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
ԲՀԿ պատգամավորը վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ևս կան կարմիր գծեր, սակայն դրանք խախտածներից գանձվող գումարները մուտքագրվում են համայնքային բյուջե: «Քաղաքապետարանի կողմից կարմիր գծանշումների համար ԲՀԿ ներկայացուցիչներին պատասխան չի տրվել, միայն ասվել է, որ մասնավոր ընկերությունը 500 մլն դոլար է ծախսել, իսկ այս տարի ավելի շատ է ծախսվելու: Կարմիր գծանշումների և ցուցատախտակների արժեքը գնահատելու համար դիմեցինք անկախ փորձագետների: Նրանցից մեկն էլ հումորով ասաց, որ եթե կարմիր ներկը Ռեմբրանդի կամ ինչ-որ նկարչի յուղաներկից է, ապա միայն այդ դեպքում է հնարավոր 5 մլն դոլարի ծախս անել:
Կարելի է ենթադրել, որ ոչ մի 5 մլն դոլարի ծախս չի արվել, հետևաբար, պետք չէ ստել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` քաղաքապետին պարտադրել են հետևյալ խաղի կանոնները, այն է`ավտոկայանատեղիներից ու կարմիր գծանշումներից ստացվող գումարը ծախսվում է 70 /30 տոկոս սկզբունքով:
Տիկին Զոհրաբյանը կոչ արեց պատգամավորներին հենց հիմա գնալ Աբովյան փողոց և տեսնել, որ կան կարմիր գծանշումներ, որոնց կողքին կան տարեց անձինք: «Ես վճարում եմ նրանց, չնայած կարող եմ չվճարել: Բայց այդ մարդիկ գոնե նվազագույն ծառայություն են մատուցում»,-ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նաև վստահ է, որ չկա մի ընտանիք, որտեղ ամեն օր չանիծեն այն մարդուն, ով դրել է արագաչափերը: