ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոգարան գյուղի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի արդյունքում 4 մանկահասակ երեխաներ են այրվել: Նրանցից մեկը մահացել է Սպիտակի հիվանդանոցում, իսկ  երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է:
Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղում Մինաս եւ Ռուսլան Գասպարյանների բնակարանում նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան փայտի վառարանից հրդեհ է բռնկվել: Առանձնատան առաջին հարկն ամբողջությամբ այրվել է, երկրորդ հարկի մի հատվածը եւս: Տան անդամները սեփական ուժերով սկսել են մարել հրդեհը, որի հետեւանքով 2007 եւ 2008 թվականներին ծնված Արմեն, Գոռ եւ Արեն Գասպարյանները տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Այստեղ բժիշկները ժամեր շարունակ անում էին ամեն ինչ` երեխաների կյանքերը փրկելու համար: Գերագույն նպատակը նրանց տրավմատիկ շոկից հանելն էր, որպեսզի հնարավոր դառնար վերջիններիս Երեւան տեղափոխումը: Միջանցքում հավաքված հարազատներն աննկարագրելի վիճակում էին, մայրը` գրեթե անգիտակից: Լարված նյարդերը տեղի էին տալիս, սակայն ոչնչով օգնել հնարավոր չէր: Ժամը 16-ի սահմաններում երեքամյա Արեն Մինասի Գասպարյանը մահացավ: Իսկ Արմենին եւ Գոռին անհապաղ տեղափոխեցին Երեւանի Ծերեթելիի այրվածքաբանական կենտրոն: Փոքրիկների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Այրվածքները երրորդ աստիճանի են: Մարմնի 50 տոկոսն այրվել է, բայց կարեւորը ոչ այնքան այրվածքների չափն է, որքան այն, որ ծայրահեղ վնասվել են երեխաների շնչուղիները: Կյանքի համար ծայրահեղ ծանր վիճակ է»,-նշեց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը: Հրդեհի պահին տանը եղել է նաեւ 1 տարեկան երեխա, ով ստացել է թեթեւ այրվածքներ: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել, սակայն բժշկի հսկողության տակ է: Ոչ պաշտոնապես, սակայն, մեկ վարկած կա: Հիվանդանոցում խմբվածների զրույցից պարզ դարձավ, որ մայրն, ըստ երեւույթին, փորձել է վառարանում կրակ վառել, փայտի վրա բենզին է լցրել, ինչի արդյունքում պայթյուն է առաջացել:




Լրահոս