Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են իրար հետևից փակվել ուսումնական հաստատություններ, չնայած այն բանին, որ սյս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»։
ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց ոչ առևտրային կազմակերպությունից, որ դպրոցն առանց ուսուցչական կազմի տեղյակ լինելու փակվում է։
Դպրոցի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի տնօրեն Խաչատուր Պարանյանը միշտ փափուկ բարձ է դրել նրանց գլխի տակ և ասել, որ դպրոցը չի փակվելու, ամեն բան լավ է լինելու։
«Դպրոցի փակման մասին մենք նախապես չենք իմացել, մեր տնօրեն Խաչատուր Պարանյանը միշտ մեր գլխի տակ փափուկ բարձ է դրել, ասել է ամեն բան լավ է, դպրոցը չի փակվելու։ Հունիսի վերջին ԿԳՄՍ փոխնախարարը եկել է դպրոց՝ երեկոյան ժամի, Վանաձորում եղել են նիստի, երեկոյան 5-ի կողմերը եկել է դպրոցում աշխատողների հետ հանդիպել և ասել, որ մեր դպրոցը փակվում է, միանում է թիվ 13 դպրոցին և կառավարության որոշմամբ «թիվ 10-րդ դպրոց» անվանումը դուրս է գալիս դպրոցների անվանացանկից։ Մեր դպրոցի շենքում պետք է տեղակայվի Վանաձորի բնագիտամաթեմատիկական «Էվրիկա» դպրոցը, շենքը նրանց են խոստացել։ Այս պահին 13-րդ դպրոցը շենքային դպրոցներ չունի, ամբողջ այս 23-24 թթ ուսումնական տարին աշակերտները սովորել են Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի տրամադրված դասարաններում։ Իրենց համար պետք է կառուցվեր նոր, չափորոշիչներին համապատասխան շենք, սակայն շենքը չի կառուցվում, իսկ եղած շենքն էլ վերանորոգում են»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ 10 դպրոցի աշխատակիցը։
Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշխատակիցը նշեց, որ այս պահին 2 դպրոցների աշակերտներ միանում են իրար և պետք է գնան պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ տեղ պետք է տրամադրվի, սակայն իրենց տեղեկություններով պոլիտեխնիկական ինստիտուտն այլևս չի կարող սենյակներ տրամադրել, քանի որ չունի։
«Մեզ կանգնեցրել են փաստի առաջ, e-draft-ում իրենք հրապարակել են դեռևս օգոստոս ամսին դպրոցների միացման հարցը, բայց մենք տեղյակ չենք եղել ու e-draft-ում մի նշում չի եղել, որ ինչ-որ մեկը կողմ է դրան։ Եկել ենք, արդեն կառավարության որոշում է եղել հոկտեմբեր ամսին, որ ֆինանսական մեծ տարբերություն չի լինում 2 դպրոցների միացումից, բայց նպատակահարմար է միացնել 13-ին և 10-ի շենքը տալ «էվրիկային», որովհետև «Էվրիկան» ունի մրցույթների, օլիմպիադաների հաղթողներ և «Էվրիկայի» աշակերտներն ավելի լավն են, քան 10-րդ դպրոցի աշակերտները։ Մենք արդեն 5 անգամ վարչապետին գրություն ենք գրել, որ իրենց ներկայացրած տվյալները սխալ են, ընդհուպ սխալ է ներկայացրած եղել 2 դպրոցների միջև ընկած ճանապարհի հեռավորությունները։ Այս պահին մեր աշակերտների թիվը, ըստ մեր ունեցած սահմանային տեղի, ավելի շատ են, քան 13 դպրոցինը, քանի որ չունեն շենքային պայմաններ և ամբողջ կոլեկտիվը դուրս է մնում։ Ճիշտ է, նախարարությունն ասում է՝ կտեղավորենք, բայց մեկ բան է դպրոցում աշխատողն ունենա 20 ժամ, քան մյուս դպրոցում՝ 5 ժամ։ Առաջին հերթին երեխաների իրավունքներն են իրենք խախտում և երկրորդ հերթին խախտում են աշխատողների իրավունքները»-, ասաց դպրոցի աշխատակիցը։
Աշխատակցի խոսքով՝ վարչապետ Փաշինյանին ուղարկված գրություններին պատասխանել է ԿԳՄՍ փոխնախարարը և չնայած նրան, որ պատասխանում են՝ պատասխանը չի բավարարում դպրոցի աշխատակիցներին։
«Անընդհատ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ասում, որ ամեն բան լավ կլինի և ասում են, որ էլ գրություններ մի ուղարկեք, հոգնել ենք ձեր գրություններին պատասխանելուց, միևնույն է նույնն ենք պատասխանելու»,- նշեց դպրոցի աշխատակիցը։
Նշենք, որ դպրոցի աշխատակիցները տարբեր կառույցների են դիմել, ընդհուպ՝ մարզպետարան, որտեղից պատասխանել են, որ մազպետը գնալու է տարածքն ուսումնասիրելու, սակայն առայժմ, չի գնացել։
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք պատրաստվում են ինչ-որ քայլերի դիմել դպրոցը փակվելու հետ կապված, ինչին ի պատասխան դպրոցի աշխատակիցները պատասխանեցին․
«Չգիտենք, թե մեր հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Ճիշտն ասած՝ ուզում էինք բունտ անել, ճանապարհը փակել, բայց մարզպետը թույլ չտվեց, մեզ կանչեց լսելու, բայց առանձնապես մարզպետն էլ ոչ մի քայլ չի արել։ Բայց մենք հիմա էլ պատրաստ ենք ճանապարհը փակելուն, որովհետև մարզպետը խոստացավ, որ կգնա տեղային ուսումնասիրություն կանի, չնայած նրան, որ անցել է 10 օր, բայց դեռ ոչ ոք էլ չի գնացել»։
Եւ չնայած նրան, որ մարզպետը թույլ չի տվել ինչ-որ գործողություն անել, աշխատակիցներն ասացին, որ այնուամենայնիվ պատրաստվում են ճանապարհը փակել։
Աննա Սրապիոնյան