ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀՀ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանում հանձնողական քաղաքականության դեմ շարժում է ստեղծվել։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Հանրապետության նախկին Պետնախարար, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի հետ։
-Պարո՛ն Բեգլարյան, վերջին շրջանում Արցախի պաշտոնյաների օրակարգում՝ կարծես Արցախ հետ վերադարձի հարցն է առաջնային։ Բացի դրանից, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած կազմակերպությունը վերջերս է արտերկրից վերադարձել, որտեղ հանդիպումներ էր ունեցել՝ կրկին Արցախ վերադառնալու հարցով։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հակահայ քաղաքականություը, ոչնչացնում է Արցախի պետական կառույցները, ի՞նչ երաշխիքների դեպքում է արցախցին պատրաստ վերադառնալ։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացը։
-Ամենաբարդ հարցն եք տալիս։ Ես չեմ կարող արցախցիների անունից կարծիք հայտնել, սակայն իմ պատկերացումն ասեմ՝ հիմք ընդունելով արցախցիների տարբեր շրջանակների հետ շփումները։ Գլխավորն այն է, որ ադրբեջանական տիրապետությունը պետք է բացառվի, քանի որ դա հանցագործ եւ ցեղասպան տիրապետություն է։ Սա ոչ թե մեր կամակորությունն է, այլ միջազգային իրավունքն ու տարբեր հակամարտությունների փորձն է հուշում, որ այդպես պետք է լինի։
Երկրորդը՝ պետք է լինեն միջազգային պաշտպանության մեխանիզմներ, որպեսզի երաշխավորված լինենք, որ նոր հանցագործություններ, նոր հարձակումներ, այդ թվում՝ ցեղասպանության շարունակություն տեղի չի ունենա։
Երրորդը՝ կառավարման եւ ինքնակառավարման հարցն է, որը կրկին քննարկելի հարց է։ Կարծում եմ՝ միջանկյալ անցումային տարբերակ կարող է լինել՝ միջազգային ադմինիստրացիա եւ հայկական ադմինիստրացիա, ինչպես ժամանակին Կոսովոյում էր, մինչեւ վերջնականապես կլուծվի կարգավիճակի հարցը։ Իհարկե, այլ պայմաններ էլ կան, դրանցից են Հայաստանի Հանրապետության մեր գերիների վերադարձը, հակահայ ատելության քաղաքականության վերացումը Ադրբեջանում, որը ատելության հիմքն է ու հիմքը առ այսօր տեղի ունեցած հանցագործությունների։ Սա կարեւոր հանգամանք է ոչ միայն արցախահայության կամ ողջ հայության համար, այլեւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման հիմնարար պայմաններից մեկն է։
-Թեեւ տարբեր օղակներով բանակցություններ են ընթանում, այնուամենայնիվ, գիտենք, որ պաշտոնապես բանակցություններ վարելու մանդատ ունի միայն Հայաստանի իշխանությունը, ու միայն այդ բանակցություններն են լեգիտիմ ու կարող են շոշափելի արդյունք տալ։ Սակայն նրանց գործողություններից հայտնի են, որ Արցախի թեման այլեւս փակ են համարում, եւ դեռ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս մի հայտարարություն արեց՝ ասելով, որ Հայաստանը այլեւս չի պատրաստվում Արցախի համար նոր պատերազմ սկսել։ Այս ամենից ի՞նչ կարող ենք ենթադրել։
-Վաղուց արդեն տեսանելի է, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել Արցախի եւ արցախահայության հավաքական իրավունքների համար, հետեւաբար՝ հենց այդ պատճառով էլ միջազգային հարաբերություններում նման փակուղու առջեւ ենք կանգնած. միջազգային տարբեր կազմակերպություններ եւ տարբեր պետություններ հիմք են վերցնում ՀՀ կառավարության տեսակետը, ինչի հետեւանքով էլ՝ բոլորը թեման փակ են համարում եւ ողջունում՝ նշելով, որ հակամարտության ամենաբարդ հանգույցը «լուծվել է»։ Մեզ համար շատ լուրջ խնդիր է այն, որ այդ թեման միշտ բաց պահենք՝ բոլոր հնարավոր մեխանիզմներով՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական՝ հասնելով նրան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրկին քաղաքական պատասխանատվություն ստանձնեն Արցախի համար, այդ թվում՝ արցախցիների հավաքական վերադարձի համար։
Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ առանց Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման եւ պատասխանատվության, որեւէ երկիր մեզ համար ավելին չի անելու, քան Հայաստանի Հանրապետությունն է անում։ Մեր նշաձողը միշտ ամենաբարձրն է լինելու, իսկ հիմա Արցախի մասով ՀՀ նշաձողը հավասար է զրոյի։
-Հետագայում, եթե Հայաստանում իշխանություն փոխվի, հնարավո՞ր է՝ միջազգային քաղաքականությունում նրանք որեւէ բան փոխեն Արցախի հարցով։
-Հնարավոր է, սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան դժվար է լինում՝ ոչ միայն բուն ժամանակի «կորստի» պատճառով, այլեւ այդ ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ քայլերի եւ հայտարարությունների պատճառով, որոնք ավելի են բարդացնում վերադարձը Արցախի համար քաղաքական պատասխանատվության ստանձնման։ Սա հիմնարար խնդիր է, սակայն երբեք ուշ չէ։ Իհարկե, դրա համար նաեւ այլ բարենպաստ գործոններ են պետք՝ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական միջավայր, կոնսենսուս, գերտերություններից որեւէ մեկի կողմից որոշակի դրական վերաբերմունք։ Հիմա Ադրբեջանը, հատկապես Թուրքիայի աջակցությամբ, ազդեցություն եւ անվտանգային լուրջ թափ ունի տարածաշրջանում, եւ եթե միջազգային կամ տարածաշրջանային որեւէ երաշխիք չաշխատի, Հայաստանի Հանրապետությունը լուրջ վտանգի առջեւ կլինի՝ նոր ագրեսիա, նոր տարածքների օկուպացիա եւ այլն։ Ինչը նշանակում է, որ նոր իշխանություններն էլ բավականին զգուշորեն պետք է բարձրացնեն հարցը, եւ միջազգային ընկալմամբ՝ արդբեջանական տարածքների հանդեպ որեւէ նկրտում չպիտի նկատվի, այլ պետք է բարձրացվի ՄԱԿ-ի արդարադատության իրավունքի դատարանի ամրագրած հավաքական վերադարձի իրավունքի հարցը։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ

2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց. «Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա»։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց իրավիճակը եւ պարզեց, որ, իհարկե, այս տարի մի խումբ շիրակցի գերիներ վերադարձան, սակայն այս պահին, պաշտոնապես, Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է եւս 80 չհաստատված գերու մասին։
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի պաշտպանության բանակի գեներալներ Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը հունվարի 25-ին, երկարացվեց եւս 4 ամսով։ Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների վերադարձի գործընթացը, անգամ ժամկետ էր նշում՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի եւ հինգ ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլեւ Հայաստանից ու Արցախից նոր գերիներ եւ առեւանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։
Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է:

ԿԱՐԾՈՒՄ Է՝ ՃԻՇՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ Է
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։
«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, եւ կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է», – ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պետք է նշի իր 10-ամյակը, եւ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։

ՄԱՀԱՑԵԼ Է 6, ՎԻՐԱՎՈՐՎԵԼ՝ 35 ՄԱՐԴ
Բելգորոդի մարզում, Բորիսովի շրջանի Բերյոզովկա գյուղում կամիկաձե դրոնները գրոհել են «Գազելի» վրա, որը տեղափոխում էր ձեռնարկություններից մեկի աշխատակիցներին, եւ մարդատար մի մեքենա, տեղեկացրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինական անօդաչուների հարվածի հետեւանքով, – գրել է նահանգապետն իր Թելեգրամ-ալիքում, – զոհվել է վեց մարդ, 35 հոգի, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է՝ ստանալով տարբեր ծանրության վնասվածքներ»։
Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը, իր հերթին, տեղեկացրել է, որ «Գազելը» տեղափոխում էր խոզաբուծարանի աշխատակիցներին, որը պատկանում է «Ագրո-Բելգորյե» ընկերությանը։
Բերյոզովկա գյուղը գտնվում է Բելգորոդից 50 կիլոմետր հեռու։ Բորիսովի շրջանը, որի մեջ է մտնում գյուղը, սահմանակից է Ուկրաինային։
Բելգորոդի մարզի իշխանությունները մշտապես տեղեկացնում են դրոնների գրոհների եւ գնդակոծությունների մասին, որոնց մեղքը նրանք դնում են ուկրաինացի զինվորականների վրա։
«Ագրո-Բելգորյեն» Ռուսաստանի խոզի մսի ամենամեծ արտադրողներից մեկն է։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի եւ չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Միեւնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց. – «Կարծում եմ՝ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։
Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դեռ որոշում չկա՝ կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ. թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանել է. – «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:




Լրահոս