ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից եւ կիրականացվի 3 փուլով։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ եւ կտեւի մինչեւ հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն եւ արտոնություն է դիտարկվում, եթե.
l հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,
l հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,
l հայտագրումը կատարվում է պետական համակարգի այն աշխատողների երեխաների համար, որոնք աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված, տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր են տեղափոխվել:
Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը:
Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Երկրորդ փուլով՝ հունիսի 25-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այդ նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները, մայիսի 7-ից սկսած, կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացն իրականացնելու ընթացքում տվյալների համապատասխանության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ՝ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՑ
Սույն թվականի ապրիլի 27-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել արդեն 6-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի մասնակիցներն այս անգամ դեռահասներ էին։
Ինտերակտիվ եւ հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին։
Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Dream Factory վաճառքի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը եւ վաճառքի բաժնի մասնագետ Արտյոմ Օգանյանը։ Վերջիններս անդրադարձել են Dream Factory-ում գործունեություն սկսելու, ինչպես նաեւ արհեստական բանականությամբ աշխատող օգնական գործարկելու հնարավորությանը։ Խոսնակներ Տոմա Դադայանը, Նոնա Անդրեասյանը եւ Լիանա Թադեւոսյանը խոսել են Cerebrum Intellectus-ում բիզնեսի առաջին քայլերից, անդրադարձել վաճառք իրականացնելու առանձնահատկություններին եւ «Արվեստը եւ NFT-ն որպես վաճառքի հնարավորություն» թեմային։ Հանդիպման երկրորդ մասում պատանիները կիսվել են իրենց պատկերացումներով եւ ստացել գիտելիքներ՝ ապագա «բիզնես նախագծերը» կյանքի կոչելու եւ դրանք արհեստական բանականության շնորհիվ տեղայնացնելու վերաբերյալ։
Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է լինելու, հաջորդները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia-ին եւ ftnft.am-ին:

ՄԵՏՐՈՆ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉԵՎ 24:00-Ն
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը:
«Երեւանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից եւ կավարտի ժամը 00։00-ին», – ասված է հաղորդագրության մեջ:
Մինչ այս Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին առավոտյան ժամը 07:30-ին, եւ ավարտվում՝ 23:00-ին:

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՈՒՂԱՐԿԵԼ Է ԼՐՏԵՍԵԼՈՒ
Դիլիջան համայնքից հայտնեցին, որ Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին, մայիսի 5-ի առավոտյան ուղարկել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի նա տեսնի, թե Դիլիջան համայնքի ո՞ր բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, որն այդ օրը մեկնարկել է Հաղարծին վանական համալիրից։ Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում եւ Դիլիջան քաղաքում մի քանի խանութների եւ արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան մոտ 40 հազար դոլար արժողության է. սակայն, Սասունը, Հաղարծին վանական համալիր մեկնել է հին, մաշված «Ժիգուլիով», որի ապակիները մգացված են եղել։ Նա այդպես է վարվել, որպեսզի վանական համալիրում գտնվող դիլիջանցիներն իրեն չտեսնեն, չճանաչեն։ Մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը բենզալցակայանում վառելիքի լիցքավորող աշխատած Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021թ. փետրվարի 26-ին նշանակվել է Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

ՄԱՐԶՊԵՏԻ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հղած տեղեկատվական հարցման մեջ նշել ենք Իջեւանի բնակիչների բողոքը առ այն, որ մարզպետ Հ. Ղալումյանի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, կուտակված են մեծ քանակի հենասյուներ. հարցրել ենք՝ այդ հենասյուները ո՞ր կազմակերպության կողմից, ի՞նչ հիմունքներով են տրամադրվել։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են. «2023-2024 թվականների ընթացքում ճանապարհային դեպարտամենտի կողմից մարզի Դիլիջան եւ Իջեւան մայրուղում մոտ 6 կմ հատվածում նոր չափանիշներին համապատասխան փոխարինվել է ճանապարհային արգելապատնեշների մի հատված, որի հին, ապամանտաժված երկաթբետոնե հենասյուները հավաքված եւ ժամանակավոր, անվճար հիմունքներով պահեստավորված են համապատասխան ռեստորանային համալիրի ազատ տարածքում՝ հետագայում այդ նույն դեպարտամենտի կողմից պետության այլ կարիքների համար օգտագործելու նպատակով»։ Ո՞վ է երաշխավորում, որ այդ հենասյունեերը մարզպետի ընտանիքը չի օգտագործել, չի օգտագործում կամ չի օգտագործելու՝ իրենց կարիքների համար։ Ճանապարհային դեպարտամենտը պետական բյուջեի փողերով Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի նորոգման աշխատանքերը ֆինանսավորելիս ինչո՞ւ գումար չի նախատեսել եւ հատկացրել այդ հենասյուների տեղափոխման, պահեստավորման համար։ Հավելենք, որ 2018 թվականից հետո՝ վերջին մի քանի տարում, Ղալումյանների ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանում նոր մասնաշենք է կառուցվել։ Նախկինում այդ ռեստորանի տարածքում առկա, պետական բյուջեի փողերով կառուցված հասարակական մեծ զուգարանը փաստացի սեփականացվել է Ղալումյանների ընտանիքի կողմից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս