ՑԱՐԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկատերինյան պալատը նախկին կայսերական պալատ է, որը հանդիսանում էր ռուսական երեք կայսրուհիների՝ Եկատերինա I-ի, Ելիզավետա Պետրովնայի եւ Եկատերինա II-ի ամառային պաշտոնական նստավայրը։ Այն գտնվում է Սանկտ-Պետերբուրգի կենտրոնից 26 կիլոմետր հարավ՝ նախկին «Ցարսկոյե Սելոյում»:

Եկատերինյան պալատում զբոսանքը նման է 18-րդ դար մուտք գործելուն: Պալատը դասականության եւ շքեղության մարմնացում է՝ հատուկ ռուսական վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետությանը եւ յուրահատկությանը:
Հատկապես ձմռան ամիսներին, երբ զգացվում է պուշկինյան ձմեռը, պալատը զբոսաշրջային ամենաշատ այցելվող վայրերից է:
Տարածքը Եկատերինա I-ին է նվիրել ամուսինը՝ Պետրոս I-ը, եւ այն կառուցվել է 1723 թվականին: Երկհարկանի պալատն ունի 16 սենյակ, այգի: Թագուհու մահից հետո՝ պալատը ժառանգաբար անցել է դստերը՝ Ելիզավետա Պետրովնային, ով 1744 տեղում մեկ այլ ամրոց է նախագծել՝ մեծացնելով ավելի վաղ եղած կալվածքը:
Պալատն ընդարձակվել է մինչեւ 300 մետր երկարության շենքի, որը բաղկացած էր կենտրոնական տնից, մատուռից, կողային թեւերից, սրահներից, այգիներից եւ պատկերասրահներից։
1751 թվականին ամրոցը վերանորոգվել է՝ ներառելով եւս մի քանի շենքեր, սյուներ, գմբեթներ եւ ոսկյա քանդակներ։ Պատերը նույնպես վերանորոգվել են՝ ներկվել եւ ընդգծվել են ոսկեզօծ ծածկույթով: Այս նախագիծը ղեկավարել է հայտնի ճարտարապետ Բարտոլոմեո Ռաստրելին, ով դիզայնի բարոկկո ոճի ներկայացուցիչ էր:
Վերանորոգման նախագծին նպաստած նկարիչներից էին Լեպրինսը, Ջուզեպպե Վալերիանին եւ քանդակագործ Ֆրանց Դանկերը: Այս վերանորոգման ընթացքում ամրոցում ավելացվել են բազմաթիվ սենյակներ, որոցից են չինական սենյակը, լույսի պատկերասրահը, դիմանկարների սրահը, կարմիր երանգով սաթի սենյակը, հինգ նախասենյակներ եւ մեծ դահլիճը՝ 860 մետր քառակուսի մակերեսով։ Այս դարաշրջանում, միմյանցից զատ, շենքերը կապված էին լինում հատուկ նախագծված կախովի այգիների միջոցով:
Վերակառուցման ավարտին՝ 1756 թվականին, ամրոցն ուներ 40 բնակարան, մինչդեռ մասնավոր եւ սպասարկող անձնակազմի համար նախատեսված սենյակների ընդհանուր թիվը գերազանցում էր հարյուրը: Կառուցվել է նոր այգի, իսկ հին այգին վերանորոգվել է՝ մեծացել է լճակը եւ միացել գեղեցիկ աղբյուրներին, որոնք գտնվում են կալվածքից 6 կիլոմետր հեռավորության վրա:
18-րդ դարի վերջին՝ 1768-ից 1771 թվականներին, իտալացի ճարտարապետ Ռինալդին կալվածքի տարածքում ավելացրել է երկու սյուն՝ Չեսմեի սյունը եւ Մորեայի սյունը, ինչպես նաեւ հուշարձան, որը հայտնի է որպես «Կագուլի օբելիսկ»՝ ի հիշատակ Ռուսաստանի գլխավորած կոալիցիայի եւ Օսմանյան կայսրության դեմ պատերազմի։
Պալատի երկու բաղնիքները կառուցվել են ռուս ճարտարապետ Նեյոլովի կողմից վաղ դասական ոճով, ով կառուցել է նաեւ Օպերայի շենքը՝ 1778-1779 թվականներին: Երաժշտական տաղավարը եւ Սերեսի տաճարը կառուցվել են ճարտարապետ Քուարենգիի կողմից:
1770-ական թվականներին ամրոցի բարոկկո ճարտարապետությունը հիմնականում փոխարինվում է նեոկլասիկական ոճով։ Այս վերանորոգումն իրականացնում է Յուրի Վելթենի կողմից, ով վերափոխել է ամրոցի հարավային ճակատը եւ մեկ հարկանի կցամասերը վերածել չորս հարկանի հավելվածների, որոնք մեզ հայտնի են որպես Զուբովի եւ մատուռի հավելվածներ:
1780-ական թվականներին ավելացվել է Արաբեսկի սենյակը, որն անվանվել է իր մուտքի, առաստաղի եւ պատերի ոճով: Պատերի ուղղահայաց պանելները զարդարելու համար օգտագործվել են հնագույն նմուշներ Հունաստանից եւ Հռոմից: Նույն ընթացքում կառուցվել են նաեւ Հայելային եւ Արծաթե սենյակները, որոնք նախագծվել էին Քուարենգիի կողմից 1789 թվականին:
1820 թվականին ֆրանսիական ներխուժման ժամանակ հրդեհ է տեղի ունեցել, որի հետեւանքով ավերվել են տարբեր կառույցներ, ներառյալ Ռաստրելիի նախագծած մատուռը եւ հարակից բնակարանները: Կառույցների վերականգնման ծրագիրն իրականացրել է Վասիլի Ստասովը։ 19-րդ դարի սկզբին ճարտարապետ Լուիջի Ռուսկան պալատին ավելացնում է գրանիտե տեռասը: 1817 թվականին Ստասովի կողմից համալիրում կառուցվում է Հաղթական կամարը՝ ի հիշատակ ֆրանսիացիների՝ Ռուսաստան ներխուժման ժամանակ ռուսների հաղթանակի։ 1851-ից 1852 թվականներին Մոնիգետտիի կողմից համալիրին ավելացվում է թուրքական բաղնիքը։
19-րդ դարի կեսերին Անդրեյ Ստակենշնայդերի կողմից սրահի առաստաղներին ավելացվում են շաղախային զարդանախշեր եւ «Էրմիտաժի» թանգարանի կտավներից տեսարաններ: Կենտրոնական սանդուղքը ամրոցի գլխավոր գավթի հետ միասին վերանորոգվում է Մոնիգետտիի կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ուժերը ավերում են պալատական համալիրի մեծ մասը։ Խորհրդային արխիվագետների կողմից նախապատերազմյան ինտերիերի վերաբերյալ լավ պատրաստված փաստաթղթերի շնորհիվ պալատը կարողանում են վերակառուցել 1957 թվականին՝ բնօրինակի բավականին նմանությամբ՝ Ալեքսանդր Կեդրինսկու գլխավորած Հուշարձանների պահպանման պետական վերահսկողական հանձնաժողովի ղեկավարությամբ: Դրանից հետո այն պահպանվում է որպես ազգային հուշարձան։
Ներկայումս ամրոցը եւ նրա շրջակայքը բաց են հանրության համար՝ որպես թանգարան, եւ կառավարվում են Սանկտ Պետերբուրգի Համաշխարհային ժառանգության հիմնադրամի կողմից:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «Gyumri Game Conference»-Ը
Առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրիում, անցկացվել է Gyumri Game Conference-ը՝ միջազգային կառույցների եւ խաղային արդյունաբերության ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ ու աջակցությամբ։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ «Revolution Origins»-ի կողմից մայիսի 4-5-ը ԳՏԿ-ում տեղի է ունեցել Gyumri Game Conference-ը։
Միջոցառման ընթացքում խաղային տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 20 փորձագետներ եւ մասնագետներ հանդես են եկել բանախոսություններով։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել` ՀՀ ԲՏԱ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություններից, Շիրակի մարզպետի ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ներկայացուցիչներ ինչպես նաեւ Sperasoft, Wilder World, G5 games, High Ground, Revolutions origins ընկերություններից ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են բազում մրցույթներ եւ հետաքրքիր խաղեր, որոնցից մեկն էլ Imagination challenge-ն է, այն անցկացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Համաժողովի ընթացքում անցկացվել է Imagination challenge մրցույթի ամփոփման փուլ։ Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրվել է «դատարկ կերպար»՝ առանց որեւէ դետալի եւ միջավայրի, մրցույթի մասնակիցները, գործի դնելով թվային դիզայնի, 3D մոդելավորման իրենց գիտելիքները եւ ստեղծագործ մտածողությունը, ձեւափոխել են այդ կերպարը, գունավորել, կերպարանափոխել այն եւ ստացել այլ կերպար՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով. միջոցառման պարտադիր պայմանն այն է եղել, որ չփոխվի կերպարի դիրքը։ Մրցույթը նախատեսված էր մինչեւ 24 տարեկան երիտասարդների համար։ Համաժողովի շրջանակում անցկացվել է նաեւ այլ մրցույթ, որի ընթացքում ներկաները նախապես պետք է գտնեին Գյումրիում հայտնի հինգ վայրերում թաքնված խաղային կերպարներ 3D մոդելներ եւ ներկայացնեին դրանք՝ մրցանակների արժանանալու։ Շենքում առկա են եղել խաղային գոտիներ (թվային եւ անալոգ, VR գոտի), որոնք հնարավորություն էին տալիս ներկաներին տեղում փորձարկել թվային եւ անալոգ խաղեր, հայտնվել այլ իրականության մեջ եւ զգալ իրենց խաղերի ստեղծման ինտերակտիվ ոլորտում։

ԿԱՐՈՂ Է ԳԱԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Կիլիան Մբապեն հայտարարել է, որ ՊՍԺ-ն ունակ է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Երեքշաբթի հանդիպումը լավ կանցնի: Ես արդեն պատրաստվում եմ։
Չեմպիոնների լիգայի եզրափակչի տեղը երաշխավորված չէ։ Մենք տեղյակ ենք, որ ճնշման տակ ենք, բայց թիմը շատ հանգիստ է»,- RMC Sport-ի փոխանցմամբ՝ ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: ՉԼ կիսաեզրափակչի առաջին խաղում փարիզյան ակումբը պարտվել է Դորտմունդի «Բորուսիային» (0:1): Թիմերի միջեւ պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 7-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։

ԱՌԱՋԱՏԱՐԻՆ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի Masters շախմատային մրցաշարում:
Masters մրցաշարում երկու տուրերից հետո Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ունեն 1,5 միավոր: Հովիկ Հայրապետյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը վաստակել են միայն 1 միավոր: Dubai Open-ում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը մինչ այս գրանցել է Սարգիս Մանուկյանը` 2 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին եւ կեզրափակվի մայիսի 13-ին:

ՖՈՒՏԶԱԼԻ ՉԼ ԽԱՂԹՈՂԸ
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հաղթողը երկրորդ տարին անընդմեջ իսպանական «Պալմա»-ն է:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած եզրափակչում միմյանց դեմ մրցեցին իսպանական երկու թիմեր` «Բարսա»-ն ու «Պալմա»-ն: Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում չէր արձանագրվում: Խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ «Բարսա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ադոլֆոն: «Պալմա»-ն էլ խաղակեսի ավարտին մոտ հավասարեցրեց հաշվի տարբերությունը ու նաեւ առաջ անցավ: Գոլերը խփեցին Ռոմուլոն ու Վիլիանը:
Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին թիմերի գրոհները եւս արդյունավետ չէին: Թե՛ «Բարսա»-ի, թե՛ «Պալմա»-ի պաշտպանությունը հստակ էր գործում: «Պալմա»-ին հաջողվեց իրացնել իր «պահը»՝ խաղավարտից 6 րոպե առաջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Նեգինյոն: «Բարսա»-ն մնաց 4 ֆուտզալիստով, քանի որ կարմիր քարտ ստացավ թիմի դարպասապահը: «Պալմա»-ն օգտվեց թվային առավելությունից եւ խփեց 4-րդ ու 5-րդ գոլերը:




Լրահոս