«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել հիմնարկների պետերի պաշտոնակատարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ Ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ ու օժանդակությամբ անձնակազմն իր ծառայողական պարտականությունները կիրականացնի բարձր պատասխանատվությամբ՝ օրենքի տառին համապատասխան, ինչի շնորհիվ կգրանցվի գործունեության բարձր արդյունավետություն։

Ռոբերտ Թամարյանը շնորհակալություն է հայտնել վերապահված վստահության համար՝ վստահեցնելով, որ համատեղ և միասնական աշխատանքների շնորհիվ կիրականացնեն աշխատանքային այն նպատակները, որոնք դրված են իր և անձնակազմի առջև։

Նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը հիմնարկի անձնակազմին է ներկայացրել նախարարի հրամանով հիմնարկի պետի պաշտոնակատար նշանակված Լևոն Հովհաննիսյանին։

Առաջին տեղակալը ներկայացրել է Լևոն Հովհաննիսյանի անցած ուղին՝ մաղթելով բեղմնավոր և անվտանգ աշխատանք։ Սահակ Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել «Արթիկ» ՔԿՀ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին՝ այս ժամանակաընթացքում հիմնարկի պետի պարտականությունները պատշաճ և պատվով կատարելու համար։




Լրահոս