ԱԺ-ի քառօրյան շարունակվում է, ընդ որում` բավականին բուռն: Ելույթներով հանդես են գալիս, ինչպես միշտ, հիմնականում ընդդիմադիր և այլընտրանք համարվող ուժերի ներկայացուցիչները:
Սակայն, ինչպես և սպասելի էր, ԱԺ դահլիճն աստիճանաբար դատարկվեց: Ավանդաբար դահլիճն առաջին հերթին ու մեծ մասամբ լքում են գործարար պատգամավորները, որոնք հիմնականում ներկայանում են «մի թեթև» երևալու, ներկա ստանալու կամ էլ կոճակ սեղմելու համար, իսկ հետո՝ անհետանում: Ինչպես ասում են` բիզնեսն է կանչում:
Այս քառօրյան նախորդ քառօրյայից առանձնանում է նաև նրանով, որ տարբեր քաղաքական ուժեր, հատկապես՝ իշխանության և ընդդիմության ու այլընտրանք համարվող ԲՀԿ-ն սկսել են միմյանց հասցեին ուղղել տարբեր մեղադրանքներ: Նրանք այս կերպ փորձում են, կարծես թե, պատռել միմյանց դիմակները, հիշեցնել քննադատողներին նրանց սուրբ չլինելն ու իրենց քաղաքական պատասխանատվության բեռից չխուսափելը:
Ուշագրավն այն է, որ եթե նախկինում իշխանության ու կառավարության ներկայացուցիչներն ընդդիմության մեղադրանքներին ոչ բոլոր դեպքերում էին արձագանքում, հիմա արդեն սկսել են մեկ առ մեկ դրանց արձագանքել ու հիշեցնել նրանց անցյալն ու ով լինելը: «Ձեզանից ոչ ոք չի վախենում»,- հայտարարեց Արդարադատության նախարարը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ կոչ է անում ՀՀԿ-ի մասին քիչ խոսել:
Արդյոք սա չի՞ նշանակում, որ իշխանությունը վախի ու անհանգստության մեջ է, քանի որ մտավախություն ունի իշխանությունից դժգոհ հասարակության մեծ մասի և ոչ իշխանական ուժերի համագործակցությունից: Ժամանակն ու իշխող կուսակցության քայլերը ցույց կտան:
Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս քառօրյայի ժամանակ, այսօր ու այս պահին էլ քառօրյան ընթանում է կիսադատարկ դահլիճում: Ներկա են մոտ 15 պատգամավոր:
Սոնա Դավթյան