ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆ Է ԵԿԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՄՈՒՐԱՑԻԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն իր ապրելակերպի մասին խոսելը «դեմոկրատ» չի համարում, բայց ամեն օր փողոցում ակորդեոն է նվագում, որպեսզի օրվա հաց ունենա:
62-ամյա Սամվելը թոշակին սպասում է հաջորդ տարի, բայց հույս չունի, որ մինչեւ այդ ինքը «սաղ կմնա»: Դրսում նվագում է դեռեւս 1988թ-ից. «88 թվից, ցուրտ ու մութ տարիները որ սկսվել ա, էդ ժամանակից, իմ էրեխեքն էլ չմնացին ստեղ. էն թվերին, որ երկիրը խառնվավ, թողեցին գնացին»: Նրա կարծիքով` կարիք չկա, որ երեխաներն իրեն օգնեն, քանի որ նրանք իրենց ընտանիքն ունեն եւ չգիտեն, թե իրենց հայրն ինչ միջոցով է ապրուստի համար գումար վաստակում. «Էնքան կրթված ենք, որ կարողանում ենք ոտի վրա կանգնենք, մի կտոր սեւ հաց աշխատենք: Չորս երեխա ունեմ` չորսն էլ ամուսնացած են, վեց հատ էլ թոռ ունեմ, ապրում են դրսում: Ես էլ ցույց չեմ տալիս, որ վատ եմ ապրում, որ իմ երեխաները վատ չզգան: Ցույց եմ տալիս, որ թոշակս էնքան լավ ա, որ ինձ բավականացնում ա: Թոշակն էլ կենսաթոշակ ա, քանի անգամ բարձրացնում են, էդքան անգամ էլ թանկացնում են»: Իսկ փողոցում նվագելիս նույնիսկ ուշաթափվել է սովից ու ամբողջ օրը ծանր գործիքը ձեռքին կանգնելուց: Այնուհանդերձ, նա միայն իր մասին չի մտածում, այլ ժողովրդի: «Թող ժողովրդին մի քիչ քիչ նեղեն, մեղք ա, կապ չունի` քաղաքական գործիչ է, թե չէ. հայը հայ ա: Ես Երեւանում ծնված եմ, 62 տարեկան եմ, աչքերս որ բացվել ա, 17 տարեկան հասակում «լաուրիատ» եմ ստացել, ընենց մարդկանց հետ ենք մենք շփվել, որ հիմա հեռուստացույցով ցույց են տալիս, մեր երիտասարդները սկի անունները չգիտեն: Աշխարհում որտեղ էլ ես եղել եմ, իմ հայի պատիվը բարձր եմ պահել: Ես աշխարհի շատ քաղաքներում եմ գնացել համերգների»,-ասում է ներկայումս փողոցում նվագող իրավաբան-երաժիշտը, որի կարծիքով մարդիկ իրեն գումար չեն տալիս, նրանք պարզապես գնահատում են երաժշտությունը. «Եթե մարդիկ ըմբռնում են երաժշտությունը, նրանք հասկանում են, որ փողից կարեւոր բան էլ կա, թե չէ իրանք ինձ փող չեն տալիս. կուզեն` կտան, կուզեն` չեն տա»: Այնուամենայնիվ, խոստովանում է, որ կողքով անտարբեր անցնողների մասին մտքում վատն է մտածում. «Մարդ-կենդանին ընենց բան ա` գիշատիչ ա»:   
«Մոսկվայի ակադեմիան եմ ավարտել` Մոսկվա, որտեղ իմ երեխաներն են հիմա: Ես լավ եմ ապրել, ես հարուստ մարդու ընտանիքից եմ: Իմ հայրը, մայրը էս պետությունը չեն սիրե, ա՛յ էդ դարը որ գա` սիրեն պետությունը, մարդիկ փողոցում չեն կանգնի: Բաներ կան, որ դուք եք տեսնելու, մենք չենք տեսնելու 2050 թվին»,-հավելում է Սամվելը:

ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս