Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր հանրահավաք չի լինելու, սակայն անհնազանդության ակցիաներ պետք է լինեն։
Այս առթիվ հանրության որոշ շրջանի մոտ դժգոհություն է առաջացել, որ այս կերպ կարող է շարժումը մարել՝ ոչինչ չհաջողելով։
ArmLur.am-ը կապ է հաստատել «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք կմարի այս կերպ շարժումը։
Մեզ հետ զրույցում Կոստանյանն ասաց, որ 1 օր հանրահավաք չանելը դեռ չի նշանակում ամեն բան տապալել։
«Եթե առավոտից ԶԼՄ-ներով հետևել եք, տարբեր վարչական շրջաններում մասշտաբային փողոցներ են փակվել։ Բավականին բերման ենթարկվածների և դուրս եկածների մասին էլ տեղեկություններ կան, իրավաբանների և փաստաբանների խումբն էլ հերթով բոլոր բաժիններով անցել են՝ հասկանալու համար՝ որտեղ ինչի կարիք կա, պրոցեսը շարունակվում է, մարդիկ էլ, առանց ընկրկելու, շարունակում են անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Շուտ է կանխատեսումներ անել և ինչ-որ գնահատականներ տալ։ Դժգոհություններ էլ պարբերաբար կլինեն, դա շատ նորմալ ու տրամաբանական է, շատերը նույնիսկ սահմանափակվում են ֆեյսբուքյան գրառումներ կատարելով, տանը նստելով և փորձելով գտնել փոքր ինչ-որ ձախողման տանող անհաջողություններ ու դրանց վրա կառուցել իրենց քննադատությունը ու եթե կա խնդիր, որը գտնում են, կարելի է առաջարկել, թե ինչ անել ու ինչ չանել, սեփական օրինակով ցույց տալ»,- ասաց Աննա Կոստանյանը։
Վերջում Աննա Կոստանյանը հավելեց, որ այսօր հանրահավաք չհրավիրելը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, այսինքն վաղը՝ կիրակի օրը, ավելի մասսայական հավաքի կարող է բերել, քանի որ օրը նաև ոչ աշխատանքային է։
Աննա Սրապիոնյան