«Ձեզանից վախեցող չկա». Հրայր Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ-ում  հանդես եկավ ոչ իշխանական պատգամավորների առաջարկի վերաբերյալ ելույթով:

Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված մի շարք հարցեր:

Նախարարն ասաց, որ այն հարցերը, որոնք պիտի ուսումնասիրի հանձնաժողովը, Ազգային ժողովի լիազորությունների մեջ չի մտնում: Ըստ Թովմասյանի ՝  սրանից պետք է հետևություն անել, որ իզուր տեղը ԱԺ-ն չպիտի ժամանակ վատնի:

«Պատկերացնենք ՝  եկանք ու արձանագրեցինք, որ Երևանի քաղաքապետը սխալ է արել, հետո, ի՞նչ եք անելու, կարող էր ավելի լավ պայամանագիր կնքել, հետո՞ ինչ ենք անելու, հաջորդ քայլը ո՞րն է լինելու»,-ասաց պրն Թովմասյանը:

Նախարարը խոսեց նաև արագաչափերի մասին: «Ասում եք ՝ արագաչափերը բոլոր տեղերում դրված են, պատկերացրեք ՝ արագաչափ չէ, դրա տեղը մեկ ոստիկան է կանգնած, կարող էիք հետը խոսել ու կաշառել, եթե նախարար ու պատգամավոր էիք, ընդառաջել ու գնալ, բայց մեր խնդիրը դա չէ: Ասում ենք, որ այդ խախտումը մի արեք»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին, թե լսումների ժամանակ իրենց ասածներին ուշադրություն չեն դարձնում, ապա Թովմասյանը հիշեցրեց, որ հենց մի քանի օր առաջ կազմակերպված լսումների ժամանակ եղավ առաջարկ, որ դպրոցների մոտ շաբաթ ու կիրակի օրերին, ինչպես նաև երեկոյան ժամերին արագության սահմանագիծը ավելանա, և ընդունվեց այդ առաջարկը:

Նախարարը նաև ասաց, որ ընդդիմությունից վախեցող չկա: «Մոռացեք էտ, մոռացեք էտ տոնը, ո՞վ է ո՞ւմից վախենում, ի՞նչ է անում»,- ասաց  պրն Թովմասյանը:

Նախարարը  հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ երբևէ չե՞ք հարցրել, որ Երևանում մեքենաների առևանգումը զրոյի է մոտենում ու ո՞րն է եղել պատճառը: Հրայր Թովմասյանը շեշտեց, որ Կառավարությունը պատրաստ է քննարկել այն դեպքում, երբ կոնկրետ օրենքների հետ կապված թերություններ կնշվեն:




Լրահոս