Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը:
Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան:
Նիդերլանդների ներկայացուցիչը, որը ֆավորիտների ցանկում էր, մրցույթի եզրափակչից ժամեր առաջ որակազրկվել է:
Սփյուռքից «Լադանիվա»-ի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Եզրափակիչ փուլում քվեարկում են «Եվրատեսիլ»-ին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կմեկնարկի եզրափակիչ փուլի սկզբում։
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ քվեարկողի բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է՝ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:
«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ: