ՀԱՐՍԱՆԻՔԻ ԵՐԳԵՐ ՉԻ ԳՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան Անուշ Ալեքսանյանը բազմաթիվ երգերի հեղինակ է, որոնց թվում է  Մհերի եւ Նունե Եսայանի արդեն հիթ դարձած «Սիրահարվել եմ» երգը: Երբ դուետը ներկայացվեց ունկնդրի դատին, շատ հակասական կարծիքներ հնչեցին: Ոմանք այն սիրեցին միանգամից, ոմանք էլ համարեցին չափազանց ռաբիս: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց երգահանին` նրա կարծիքն իմանալու համար:
-Այս երգը հայկական 6/8 լադի մեջ է, որը մեր բոլոր աշուղներն ունեն: Ես կարող եմ ապացուցել: Անգամ գուսան Աշոտը, Աշոտ Սաթյանը շատ երգեր ունեն գրած այս լադի մեջ: Բայց «Սիրահարվել եմ» երգի համար այնքան մեկնաբանություն են գրել ինտերնետում, որ Նունե Եսայանն ու Մհերը ռաբիս երգեցին: Ես էլ բոլորին հատ-հատ պատասխանել եմ, որ դա մեր հայկական լադն է: Աիդա Սարգսյանի բոլոր 6/8 երգերը ես եմ գրել, դրանք երգեր են դասական հայկական լադի մեջ: Դրանք ո՛չ արեւելյան են, ո՛չ էլ կլկլոցով, նման երգեր ես չունեմ:
-Այդ դեպքում որտեղի՞ց այդ տեսակ կարծիքներ:
-Վատ է, որ 6/8 ասածի տակ միայն ռաբիս են հասկանում: Նունե Եսայանն ինձանից շատ երգեր ունի, մի երգ էլ կա` «Չէ, չէ, չէ», լսում են, կրկին ասում են` ի՞նչ ոճ է: Գուսանական ոճ է, ու եթե կա մեկը, ով կարող է այդպիսի երգեր գրել, ո՞րն է խնդիրը: Ինքս էլ չեմ ընդունում շատ երգեր պարսկական խաղերով, անգամ անջատում եմ, ականջիս չեն նստում:
-Հայտնի կատարողներից ո՞ւմ եք վստահում Ձեր երգերը:
-Համագործակցել եմ Թաթա Սիմոնյանի, Էռնա Յուզբաշյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Աիդա Սարգսյանի, Լիանայի հետ, իսկ Նունե Եսայանի հետ շատ-շատ եմ աշխատում: Ես ինձ համարում եմ իր հեղինակը:    
-Պատահո՞ւմ է, որ մերժեք որեւէ մեկի համար երգ գրել:
-Այո՛, երբ գալիս ու ասում են` հարսանիքի համար ինչ-որ երգ գրեք, որտեղ պետք է նշվեն անուններ: Դա ինձ համար տաբու է, ես չեմ ընդունում ու միանգամից հրաժարվում եմ: Հիմնականում գրում եմ սիրային երգեր:
-Դուք ե՛ւ խոսքերն եք գրում, ե՛ւ երաժշտությունը: Սովորաբար միայն խոսքերի կամ երաժշտության համար երգահանները մոտ 1000 դոլար են պահանջում: Հետաքրքիր է, ամբողջական երգ պատվիրելը որքա՞ն կարժենա Անուշ Ալեքսանյանի մոտ:
-Գիտեմ, որ արդեն հոգնել եք, երբ այս տեսակ հարց եք տալիս ու չեն պատասխանում, բայց չեմ կարող կոնկրետ ասել, նայած` ինչ ժամանակ է: Մի տարի առաջ ուրիշ գին էր, մի ամիս հետո ուրիշ գին կլինի, բայց միանշանակ վաճառվում են: Ես շատ-շատ էլ նվիրում եմ, որովհետեւ զգում եմ, որ այդ երգը շատ համապատասխան կլինի այդ արտիստին:
-Գումարի չափը չնշեցիք:
-1000-1500 դոլարի սահմաններում: Ի՞նչ թաքցնեմ, բոլորը գիտեն: Կարծում եմ` իմ ասած թիվը ճիշտ կգրեք:
-Իհարկե, ես իրավունք չունեմ մի զրո ավել կամ պակաս գրել:
-Ես դա ասացի, քանի որ մի անգամ լրատվամիջոցներից մեկի պատճառով խնդիր եմ ունեցել Մարինա Թագակչյանի հետ:
-Կհիշեցնե՞ք մեր ընթերցողին, թե այդ միջադեպն ինչից սկիզբ առավ:
-Մի թերթ իր թեմաներից մեկի շրջանակներում բացահայտում էր երգերի նմանությունները ու պարզում, թե որ հեղինակն է առաջինը գրել: Այդ անգամ էլ ընտրված էին իմ «1000 անգամ» երգը Անդրեի կատարմամբ եւ Մարինայի «100 տարի» երգը` գրված Արամեի համար: Մեզանից երկուսիցս էլ առանձին հարցազրույց էին վերցրել, որ պարզեն, թե ով է առաջինը գրել: Եւ պարզվեց, որ իմ երգը 2005 թվականի է, իսկ Մարինայինը` 2008:  
-Մարինան դրա համար աղմո՞ւկ էր բարձրացրել:
-Շատ մեծ, բայց նախքան այդ մենք նորմալ հարաբերությունների մեջ էինք: Երբ լրագրողն ինձ հարցնում էր երգերի նմանության մասին, ես շատ անկեղծ ասացի, որ ինձ հետ էլ է պատահել, երբ երգ եմ գրել, հետո նկատել, որ ինչ-որ ուրիշ երգի նման է: Ու չեմ շարունակել, գիտակցել եմ, որ խնդիր կլինի: Եթե տեսնեի, որ արդեն այդպիսի երգ կա, նրա փոխարեն էլ չէի անի: Ես գրել եմ «1000 տարի կսպասեմ», նա գրել է «100 տարի կսպասեմ»: Եւ այդ ամենից հետո նա զանգում է ու ասում, որ դատի է տալիս ինձ: Շատ անվայելուչ բառեր իմ հասցեին, իբրեւ թե ես երաժշտական կրթություն չունեմ: Իհարկե, ես ունեմ այդ կրթությունը: Բայց շատ համեստ մարդ եմ եւ ամեն տեղ ինձ չեմ գովում: Ես նոտաներով տանում եմ, բառերը տալիս եմ երգիչներին, մեղավոր չեմ, որ նրանց մեծ մասը նոտա չգիտի: Ստիպված ես երգում եմ, տանում, ցույց տալիս:
-Վերջը դատի տվե՞ց:
-Ո՛չ իհարկե, նրան հասկացրին, որ առաջինը ես եմ գրել: 15-16 տարի է` ես երգեր եմ գրում, եւ դա միակ դեպքն էր: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել:
-Մի քիչ էլ Ձեր ընտանիքից պատմե՛ք: Դուք ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Ես կին եմ, ով ունի ընտանիք, որդիս 15 տարեկան է, ավագ դպրոցում է սովորում, լողի չեմպիոն է իր տարիքայինների մեջ: Իմ հոբին էլ սպորտն է, հիմա լուրջ յոգայով եմ զբաղվում, սիրում եմ ջազ լսել: Ոչ մի բանի կարիք չունեմ, շատ գոհունակ մարդ եմ: Ինձ համար կարեւոր է, որ իմ ընտանիքում մեծ սեր լինի, ես լինեմ սիրված ու  ներդաշնակ ինքս ինձ հետ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս