Երբ ժամանակին տեղի ունեցավ Սաֆարովի խայտառակ արտահանձնումը, Հայաստանի իշխանություններն անզոր գտնվեցին որևէ կերպ այն կանխելու, բավարարվեցին ընդամենը «Երիտհանրապետականները և պոմիդորները» կոչվող ` բացօթյա ներկայացումը ցուցադրելով: Դե ոչինչ, մեծն Եվրոպան է, ով մեզ միշտ բոլոր հարցերում «օգնել» է: Բայց մեր արտաքին գերատեսչություններն աշխատում էին, Գվատեմալայի հետ մշակութային հարաբերություններ էին հաստատում…
Հետո էլ մեր հայրենակցին Ռուսաստանում ծաղկավոր խալաթ հագցրեցին, և միայն ՄԻՊ-ն էր, որ մտահգություն հայտնեց այդ առիթով: Դե այս դեպքում էլ մեր «մեծ եղբայրն» է, ոչինչ, կանցի, կգնա: Իսկ մեր արտաքին գերատեսչությունները կրկին շարունակում էին աշխատել, Սվազիլենդի հետ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին…
Սվազիլենդին էլ հաջորդեցին Ուգանդան, Վանուատուն, զուգահեռաբար ` ինչ-որ հանդիպումներ Եվրոպայում դեսպանների հետ, ԵՄ ներկայացուցիչների հետ, բանակցություններ, նորից բանակցություններ և ծախսեր, ծախսեր, ծախսեր… Արդյունքում ` Մաքսային միություն մտնելու մասին պատրաստակամություն ` առանց որևէ նախապայմանի: Հետո գազի խայտառակ պայմանագիր, նվաստացուցիչ պայմաններ, պարտք և այդպես շարունակ ` աշխատում են ու վնասում:
Շատ յուրահատուկ աշխատանքի ձև է, և պետք է նշել, որ մեր պետության դեպքում ամեն ինչն է յուրահատուկ: Երևի դա գալիս է նրանից, որ հայերը սիրում են տարբերվել մյուս ազգերից: Օրինակ, պետություն ունեցող բոլոր ազգերի ներկայացուցիչները այլ պետության տարածքում խնդիրներ ունենալու կամ վտանգի մեջ հայտնվելու դեպքում հույսները դնում են իրենց պետության վրա: Բայց մենք հայ ենք, մենք յուրահատուկ ենք, հետևաբար ` դրսում շատ բան կարող են մեզ անել, բայց Հայաստանի Հանրապետության վրա ոչ մի դեպքում հույս դնել չի կարելի, թե չէ կդառնանք բոլորի նման:
Քեսաբում իսլամիստ ահաբեկիչներից հայերին պաշտպանելու համար Սիրիայի իշխանություններն են ռազմական օդանավ ուղարկում, որը խփում են Թուրքիայի իշխանությունները: Հայերը տարհանվում են, իսկ մեր իշխանությունները Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ հայտարարում են, որ իրավասու չեն միջամտելու: Լավ, այդ դեպքում ինչի՞ն են ընդհանրապես իրավասու, ո՞րն է ընդհանրապես նրանց դերը ` դե.. բացի զուգարաններից, Սվազիլենդից, ատկատներից, չարաշահումներից, կոռուպցիայից, պարտքեր կուտակելուց, հարստանալուց…
Արտաքին գերատեսչությունն, իհարկե, լռում է: Մեր բախտից գոնե Սերժ Սարգսյանը, գտնվելով Նիդերլանդներում ` Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որում հանձնարարել է «ՄԱԿ-ի ` Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին ` հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»:
Մնում է, որ հայտարարությունը, որևէ արդյունք տա, ոչ թե լինի այնպես, ինչպես Սաֆարովի ժամանակ: Իսկ արդյունավետությունը նաև կապ ունի Հայաստանի միջազգային վարկանիշի հետ, որը մեր իշխանությունների թեթև ձեռքով այնքան էլ լավ վիճակում չէ: Սակայն պետք է արձանագրել նաև մի դրական կողմ ` Սերժ Սարգսյանը գոնե մտածել է, որ կարելի է շնորհակալություն հայտնել Սիրիայի իշխանություններին ` քեսաբահայությանն պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Ի դեպ, News.am կայքի հրապարակումներից մեկում ասվում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի 2 քաղաքացու 12 ժամ պահել են առանց սննդի և անձնագրի, թույլ չեն տվել այնտեղից դուրս գալ ` մեղադրելով նախկինում ՌԴ-ում իրավախախտումներ անելու մեջ, և սա այն դեպքում երբ «մեղադրյալը» առաջին անգամ էր ՌԴ ժամանում: Բայց դե ինչերի՞ հետևից ենք ընկել. մեր պետությունը նույնիսկ մի ամբողջ համայնքի չի կարողանում պաշտպանել, ուր մնաց ` ինչ-որ 2 քաղաքացու՞ պաշտպանի: Էլ չեմ ասում, որ հայերը սեփական երկրում են հաճախ անպաշտպան, ուր մնաց ` դրսում:
Կարեն Վարդանյան