Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիլիան Մբապեն սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագրի ժամկետը, այս արկածը կավարտվի մի քանի շաբաթից։

Շատ հուզված եմ, երկար տարիներ պատիվ եմ ունեցել լինել Ֆրանսիայի լավագույն ակումբի մի մասնիկը։ Սա իմ առաջին փորձն էր մեծագույն ակումբում: Այս ակումբն ինձ թույլ է տվել աճել որպես ֆուտբոլիստ և որպես մարդ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, բոլոր մարզիչներին՝ Ունայ Էմերիին, Թոմաս Տուխելին, Մաուրիսիո Պոչետինոյին, Քրիստոֆ Գալյեին և Լուիս Էնրիկեին, մարզական տնօրեններին՝ Լեոնարդոյին և Լուիշ Կամպուսին:

Եվ իհարկե, կան մարդիկ, որոնց ես ամենաշատն եմ շնորհակալ։ Այդ մարդիկ թիմի երկրպագուներն են։ Գիտեմ, որ հաճախ չէի ցույց տալիս իմ սերը, բայց ամեն ինչ արեցի ձեզ հաճոյանալու համար։ ՊՍԺ-ն այն ակումբն է, որն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Չեմ ափսոսում այս ակումբում անցկացրած ոչ մի պահի համար, բայց ինձ նոր մարտահրավեր է պետք:

Դիտելու եմ ՊՍԺ-ի յուրաքանչյուր հանդիպում, քանի որ ինձ հետաքրքրում է այս ակումբի ճակատագիրը։ Երախտապարտ եմ բոլորիդ այն աննկարագրելի փորձի համար, որը ձեռք եմ բերել այստեղ հանդես գալու ժամանակ: Շնորհակալություն բոլորիդ, հուսով եմ՝ այս մրցաշրջանը կավարտենք նվաճած գավաթով։ Հաջողություն»,- հայտարարել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։




Լրահոս