Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2024 թվականի ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ այս մասին հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա ընդգծեց, որ 2024 թվականից ԿԲ-ն ներդրել է դրամավարկային քաղաքականության մշակման, իրականացման և հաղորդակցման նոր համակարգ, որը հիմնված է ռիսկերի խելամիտ կառավարման սկզբունքի վրա:

«Աճող անորոշություններն ու ռիսկերը կենտրոնական բանկերի համար նոր իրականություն և մարտահրավերներ են, որոնք պահանջում են դրամավարկային քաղաքականության մշակման և հաղորդակցման գործող մոտեցման վերաիմաստավորում: Այս համակարգը ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության կառուցվածքային և համակարգված մոտեցում է, որը մեզ հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերլուծել և հաղորդակցել քաղաքականության համար կարևոր ռիսկերն ու անորոշությունները: Այս համակարգի ներքո դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մենք առաջնորդվում ենք Հայաստանի տնտեսության զարգացման մի քանի սցենարների կառուցմամբ և դիտարկմամբ: Այդ սցենարները, երկու կամ ավելի, ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի ընթացիկ սպասումների համեմատությամբ ավելի բարձր կամ ավելի ցածր ուղեգիծ՝ ձևավորելով դրամավարկային ռիսկերի կառավարման տեսանկյունից որոշումների կայացմանն անհրաժեշտ տրամաբանություն»,- նշեց Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից:

«Այդ համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես, ԱՄՆ-ի ֆեդռեզերվն առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- հայտնեց բանախոսը:

Նշվեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշակի կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարների տեսանկյունից:

Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը որոշակիորեն թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական:

«Այդ իրավիճակում 2024 թվականի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-6.5 տոկոսի միջակայքում: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լի է ռիսկերով և մեծ անորոշություններով:

2024 թվականի անցած չորս ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի ապրիլին 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով -0.7 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից: Սա հիմնականում պայմանավորվել է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով՝ արտահայտելով պարենային ապրանքների էական գնանկում: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես գտնվում է բացասական տիրույթում. մարտին կազմել է -0.7 տոկոս:

Նշեմ, որ տնտեսությունում ներքին պահանջարկի պայմաններն առավել լավ արտացոլում է ոչ արտահանելիք կոշտ գների ինդեքսը, որը, չնայած 2023 թվականի ընդհանուր գնաճի կտրուկ նվազմանը, պահպանվել է համեմատաբար բարձր մակարդակում: Այնուամենայնիվ, վերջին ամիսներին այդ ցուցանիշը նույնպես սկսել է դանդաղել և 2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.4 տոկոս: Զուգահեռաբար նվազել է նաև արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղեցման միտումները: Մինչդեռ, արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունները, այդ թվում՝ օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում»,- արձանագրեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024 թվականի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում և տարեվերջին կկազմի 1.3-1.5 տոկոս:

«Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նոր համակարգի ներքո և մակրոտնտեսական ընթացիկ զարգացումներում առկա ու ապագա զարգացումների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում քննարկում և դիտարկում ենք տարբեր սցենարներ:

2024 թվականի մեր վերջին որոշումների ընթացքում հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ԿԲ խորհուրդը ներկա փուլում շարունակել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը: Մենք շարունակում ենք մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:




Լրահոս