Ծխախոտից հրաժարվելն ու ինտենսիվ ֆիզիկական վարժությունները, որակյալ քունը և սննդամթերքի որոշ տեսակների (ներառյալ կաթն ու լոբազգիները) բացառումը կարող է օգնել մեղմել փորափքանքը: Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլին։
Մասնագետի խոսքով՝ կենսակերպում արված պարզ փոփոխությունները կարող են կանխել կամ գրեթե լիովին ազատել փորափքանքից ու դրա հետևանքով աղիներում ավելորդ գազերի կուտակումից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս խնդրի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներն են կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, որակյալ ու տևական քունը և ծխախոտից հրաժարվելը։
Բանն այն է, որ ծխախոտի գործածությունը կարող է օրգանիզմում բորբոքումներ առաջացնել, որոնք էլ հանգեցնում են մարսողական համակարգի աշխատանքի խանգարման, մինչդեռ քնի պակասը հանգեցնում է աղիների միկրոբիոմում անցանկալի փոփոխությունների։
Մասնագետը նաև ընդգծել է, որ սննդամթերքի որոշ տեսակների գործածությունը նույնպես կարող է դառնալ փորափքանքի պատճառ։ Դրանց շարքին են դասվում կաթը, պանիրը, յոգուրտը, պաղպաղակը, ցորենը, լոբազգիները, ծնեբեկը, սոխը, արտիճուկը, սխտորը, խնձորը, բալը, տանձը և դեղձը։ Դրանցում պարունակվող որոշ սննդային բաղադրիչներ կարող են վատ յուրացվել և մեծամասամբ չմարսված վիճակում հայտնվել հաստ աղիքում, որտեղ դրանք խմորվում են գազեր արտազատող աղիքային բակտերիաների կողմից: