ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ԱԺ-ում հակադարձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին, թե Հայաստանում արագաչափերի տեսախցիկների վաճառքի հետ կապված 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը», «որոշակի ագահ անձի գրպանը», որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում:
Դավիթ Սարգսյանն ասաց, որ նման մասնավոր մի անձ Երևանի մերձակայքում գործող մեկ խաղատուն ունի, որը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է հօգուտ նրա, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել խաղատների հետ առնչվող օրենքին:
«Այո, համաձայն եմ, ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»,- ասաց Դավիթ Սարգսյանը ` ակնարկելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Շանգրի լա» խաղատունը:
Տեղեկացնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն «Շանգրի լա» խաղատունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե կառավարությունը սոցիալական բունտ է ստեղծում նման օրենքներ ընդունելով, ֆինանսների նախարարը ասաց. «Սոցիալական բունտին կառավարությունը չի նպաստում, հիմնականում դուք եք նպաստում: Եթե իշխանությունը վատ է աշխատում, ինչպես դուք եք ասում, ապա մարդիկ պետք է տեսնեն նաև շատ պայծառ այլընտրանք նոր փիլիսոփայությամբ, բայց մարդիկ այդ այլընտրանքը չեն տեսնում, հուսահատվում են, ուստի կարծում եմ, որ դա մենք չենք հրահրում»: Նա նաև հավելեց, թե քաղաքական ուժերը քաղաքացիական նախաձեռնությունների քողի տակ են հավաքներ անցկացնում: