ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԲԱՔՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից: Ստորեւ ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.

««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երեւանից:
Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը գրեթե 25 տարի առաջ հիմնել ենք Ռուբենն ու ես՝ մեր ընկերների ու գործընկերների հետ միասին։ «Ավրորան» ծնվել է այս արմատներից, այն հիմնել են Նուբարը, Վարդանը եւ Ռուբենը:
Մինչեւ Ռուբենի ուղերձն ընթերցելը՝ կցանկանայի իմ խորին եւ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ, «Ավրորա»-ի համայնքին՝ աջակցության եւ զորակցության համար։ Ավելի քան 200 օր Բաքվում բանտարկված լինելով՝ Ռուբենն ու մյուս հայ բանտարկյալները ձեր աջակցությունն են ստացել, դուք նրանց ձեր համերաշխությունն եք հայտնել՝ ձեր համարձակ գործողություններով պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ Բոլորովին վերջերս՝ Ռուբենի 20-օրյա հացադուլի ժամանակ, դուք նորից ձեր ձայնը բարձրացրիք՝ միանալով ընտանիքի ձայնին, ինչն անգնահատելի է։ Եւս մեկ անգամ շնորհակալություն։
Իսկ հիմա ներկայացնում եմ Ռուբենի . Բաքվի բանտ, 2024 թ.
«2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թե ինչպես կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպետք է միայն հարգանքի տուրք մատուցենք ողբերգության զոհերի հիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատերին, փրկել էին կյանքեր:
Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի:
Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց եւ օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երեւանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, եւ որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։
«Ավրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը, ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար:
«Ավրորա»-ի շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարեւոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին եւ սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, եւ անցնել քո ճանապարհը:
Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։
Ես ամենեւին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային եւ «Ավրորա»-ի մյուս դափնեկիրներին, եւ ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին. մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:
Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարեւոր է, քան երբեւէ:
Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբեւէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարեւոր են, քան նույնիսկ կյանքը:
Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ եւ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ եւ ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում. «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»»:

«ԼԱՓԱՄԱՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ»
Բազմաթիվ մարդիկ հավաքվելով Հանրապատության հրապարակում պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ այսօր առավոտվանից սկսվել էին անհնազանդության ակցիաներ իրականացվել, կազմակերպվել էին երթեր, որոնց ժամանակ էլ երթի մասնակիցները հորդորում էին քաղաքացիներին միանալ, անմասն ու անտարբեր չլինեն։
Չնայած նրան, որ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց թիվը հասնում է 2018 թվականին նույն վայրում հավաքված մարդկանց քանակին, ովքեր պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, վարչապետ Փաշինյանը չի արձագանքում հրաժարականի պահանջին, եւ հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը ասել էր, որ ինչպես եկել է, այնպես էլ հեռանալու է։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, ով, ի դեպ, վարչապետ Փաշինյանի ընտանիքի քավորն է, պարզելու համար՝ արդյո՞ք ճիշտ է Փաշինյանի հրաժարականը պահանջելը եւ ի՞նչ է կարծում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարության մասին։
Վահե Ղալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փողոց դուրս եկած մարդիկ ճիշտ չեն անում, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ճիշտ չեն անում, որովհետեւ վարչապետ Փաշինյանը լավ վարչապետ ա։ Լափամանից զրկված մարդիկ կան, բայց ընդհանուր չեմ դիտարկում։ Կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ոչ մի հարցի հետ, այդ մարդկանց պետք է հասկանալ ինչ են ասում, ինչ են ուզում»,- ասաց Վահե Ղալումյանը։
Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է.
«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որոնք ուղղորդվում են օտար ուժերի կողմից»։

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՍԱԴՈՒԼԻՆ
Երեկ՝ մայիսի 10-ին, Բագրատ սրբազանի գլխավորած երթը շրջել է համալսարաններով եւ կոչ արել ուսանողներին միանան շարժմանը: Շատերը հենց տեղում դուրս եկան դասից եւ միացան շարժմանը, իսկ մյուսներին հորդորեց ժամը 18:00-ին լինեն Հանրապետության հրապարակում:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հոնհաննիսյանի հետ, հասկանալու համար, ի՞նչ են պատրաստվում անել ուսանողները. «Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը, լինելով ՀՀ քաղաքացիներ, իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ժամանակի քաղաքական այս կամ այն իրադարձություններին, ունենալ անձնական դիրքորոշումներ բացառապես ԲՈւՀ-ի սահմաններից դուրս։
ԲՈՒՀ-ի ներսում քաղաքական ագիտացիաները, ուսանողների քաղաքական դիրքորոշումների հանդեպ հոգեբանական եւ վարչական ճնշումները, ինչպես նաեւ ԲՈՒՀ-ի անունից ապատեղեկատվություն տարածելն ու հայտարարություններ հրապարակելն անընդունելի են»։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.
«ՀՀ սուվերեն տարածքից կատարվող միակողմանի զիջումները մերժելու, իշխանության կողմից խաբված չլինելու համար փողոց դուրս եկած տավուշեցիները, նրանց միացած տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թիրախավորվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն ArmLur.am կայքին տված հարցազրույցում ասել է. «Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման…»:
Սա ակնհայտ վիրավորանք է, թիրախավորում, ատելության խոսք, որը միանշանակ դատապարտելի է:
Այս առիթով գրություններ եմ ուղարկել ինչպես ՀՀ օմբուդսմենին, այնպես էլ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին: Նրանց ուշադրությունն եմ հրավիրել անընդունելի այս փաստի վրա եւ խնդրել՝ նպաստել ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, որը խախտվում է իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից»:




Լրահոս