«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ այցելել է Երեւանի պետական համալսարան։ Շարժման անդամներին դիմավորել են համալսարանի շենքի մոտ հավաքված մեծաթիվ ուսանողներ։ Հայտարարվել է, որ առավոտյան ԵՊՀ ուսանողները սկսել են ինքնաբուխ ցույց։ ԵՊՀ-ում երեկ առավոտյան դասապրոցես գրեթե չկար, որովհետեւ ուսանողները կամ չեն հաճախել դասերի, կամ ցույց են արել։
«Մենք այսօր եկել ենք հավատով, հույսով, որ այս կռացած վիճակից ոտքի ենք կանգնելու, մենք մեր հայրենիքի համար ենք եկել, պատասխանատու ենք զգում մեզ հայրենիքի համար»,- հայտարարել է ուսխորհրդի անդամներից մեկը։
Բագրատ Սրբազանը դիմել է ուսանողներին? «Հավաքական իմաստով մենք ծնկած վիճակում ենք, որովհետեւ այն առաջնորդությունը, որը մեր երկիրն ունի, ծնկած վիճակում է։ Եվ դա արտապատկերվել է մեր ընդհանուր կյանքի վրա։ Մեր պայքարն ավելին է, քան հողատարածքը, մեր պայքարը արժեքների մասին է, ստի եւ ճշմարտության մասին է։ Եվ դուք առաջին կրողներն եք, սիրելի ուսանողներ»։
Բագրատ Սրբազանն ասել է, որ երթով միանում, գնում են այլ բուհեր, որտեղ ուսանողները սպասում են իրենց։ «Հավաքվելու ենք գլուխ գլխի եւ մեր խնդիրները կատարենք։ Խնդիրները կատարելու են բոլորիս ջանքերով եւ ներդրումով, ուրիշ տարբերակ մենք պարզապես չունենք», – ասել է նա։
ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ ի դեմս խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանի, միացել է դասադուլին: Ուսանողները մտել են տարբեր ֆակուլտետներ ու լսարաններ «Ուսանող, ոտքի» վանկարկումներով:
«Սիրելի ուսանողներ, մեր կոչերն անհասցե չեն, դրանք ձեզ են ուղղված: Մենք ձեզ ուզում ենք խնդրել, որ դուք ունենաք դիրքորոշում եւ անտարբեր չլինեք: Մենք համալսարանական ենք, բոլորս նույն համայնքի մի մաս ենք, միացեք մեզ ու զգացեք ձեզ այնքան պատասխանատու, ինչքան մենք ենք զգում, դուք այս պրոցեսի տերն եք», – ասել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Դավիթ Ափոյանը՝ դիմելով ուսանողներին:
Որոշ լսարաններում դասերը շարունակվել են, դասախոսներից ոմանք պահանջել են իրենց դասը չխանգարել, իսկ, օրինակ, իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել էր, որ Իրավագիտության ֆակուլտետում ոչ ոք դասի չի նստել:
Երեւանի պետական համալսարանի արհմիությունը, իր հերթին, կոչ է արել ԵՊՀ բոլոր դասախոսներին եւ աշխատողներին միանալ համազգային բողոքի եւ խաղաղ անհնազանդության միջոցառումներին:
«Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որեւէ ձեւով չխոչընդոտել խաղաղ անհնազանդության եւ բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների եւ աշխատողների քայլերին: ԵՊՀ Արհմիությունը այս ընթացքում ուշի-ուշով հետեւելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որեւէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու եւ աշխատողների իրավունքները պաշտպանելու համար», – ասված է հայտարարության տեքստում:
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պարզել են, որ փոփոխվող կլիման կարող է ընդլայնել մոծակների բնակավայրերը, որոնք կրում են մալարիա, դենգե տենդ, Զիկա վիրուս եւ կյանքին սպառնացող այլ պաթոգեններ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Climate Change and Health (JCCH) գիտական ամսագրում:
Մոծակները համարվում են աշխարհի ամենամահաբեր միջատները՝ սուր վարակիչ հիվանդությունների բռնկում առաջացնելու ունակությամբ։ Նրանց կրող հիվանդությունները տարեկան խլում են ավելի քան 2 միլիոն կյանք։
Հետազոտողները նշում են, որ ապագա կլիմայի փոփոխությունը կարող է ընդլայնել, կրճատել կամ փոխել մոծակների տարբեր տեսակների աշխարհագրական տիրույթները:
Օրինակ, ավելի բարձր ջերմաստիճանները կարող են հանգեցնել տիրույթի ընդլայնման կամ տեղաշարժի դեպի բեւեռներ, մինչդեռ հասարակածի շրջակայքը կարող է չափազանց տաք դառնալ միջատների համար:
«Մենք պարզեցինք, որ մեր մոդելի բոլոր ինը մոծակների տեսակները կոշտորեն արձագանքեցին կլիմայի փոփոխությանը, ինչը ենթադրում է, որ մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունները շարունակական սպառնալիք են մնալու, քանի որ կլիման տաքանում է», -ասում է հեղինակ Մորգան Գորիսը:
ԱՐԵԳԱԿԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԽԱՎԱՐՈՒՄԸ
Մայիսի 9-ի երեկոյան Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր՝ X մագնիտուդով բռնկում, այն արդեն երրորդն էր մեկ օրվա ընթացքում, այս մասին հայտնում է ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեւային աստղագիտության լաբորատորիայի կայքը։
Նշվում է, որ բռնկումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 20.23-ին, առավելագույնը հասել է 20.44-ին եւ ավարտվել 21.00-ին։ Ֆլեշը գնահատվում է X1.1:
Հինգշաբթի ավելի վաղ X1.0 հզորության կրկնակի բռնկում տեղի է ունեցել գիշերը, իսկ X2.2 հզորության բռնկումը՝ ցերեկը (այն դարձել է յոթերորդ ամենահզորը արեգակնային ակտիվության ընթացիկ ցիկլում):
Նաեւ մայիսի 9-ին Արեգակի վրա տեղի է ունեցել միջին հզորության ինը բռնկում (մագնիտուդ M):
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տեւողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղեւորությունները եւ թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, որ զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը գերազանցել է մինչ Covid-ի ցուցանիշը։ Հունվար-մարտ ամիսներին երկիր է այցելել ավելի քան 930 հազար զբոսաշրջիկ, որը 11%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։
ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ՍԱՌԵՑՎԱԾ Է
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ սահմանազատման գործընթացը Կիրանցում ներկայումս սառեցված է։ Նա ասաց, որ բանակցությունների արդյունքում գյուղի բարձունքում գտնվող, շատ կարեւոր Խաչի Յալ տարածքում հաջողվել է 25 մետրով ետ տանել սահմանը, ինչի համար ինքը գոհունակություն է հայտնել: Հարցրինք, թե բանակցություններն ինքը ո՞ւմ հետ է տարել։ Նա պատասխանեց՝ քարտեզագրողների։ Կ. Շահինյանը դժգոհեց, որ ինքը երկու անգամ « ասուլիս է տվել», բազում մտահոգություններ հնչեցրել, սակայն կենտրոնացել են միայն այն խոսքերի վրա, որ ինքը գոհունակության է հայտնել նշված հատվածում սահմանը 25 մետր հետ տանելու համար։
«Գո՞հ եմ, թե չէ, պար եմ եմ գալիս»,-ասաց Կ. Շահինյանը։ Նա ասաց, որ իրենց մտահոգություները մնում են, քանի որ սահմանազատման հետեւանքով գյուղից խանութներ, այլ շինություններ, 19-րդ դարի եկեղեցու բակը, այգիներ, վարելահողեր կանցնեն Ադրբեջանին, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամրջով այլեւս երթեւեկել չի լինի։ Այդ տարածքների, շինությունների համար Կիրանցի բնակիչները կադաստրից ստացել են սեփականության վկայականներ։ Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ իրենց համար ձեռնտու կլինի, որ Կիրանցին պատկանող, գյուղի ծայրին գտնվող 60 հեկտար հողերը, որտեղ նաեւ ադրբեջանական գերեզմանատուն կա, փոխանակվի իրենց համար կենսական տարածքների հետ։ Կ. Շահինյանը հերքեց,որ բողոքի հավաքներին մասնակցելու համար 4 կիրանցիների ազատել են աշխատանքից։
ՉԳԻՏԵ՞Ն ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ, ԳԵՐԻՆԵՐԻ ԹԻՎԸ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել, նրան հարցնելով՝ 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմի ավարտից անցել է մոտ երեքուկես տարի, դա մեծ ժամանակ է պատերազմում զոհվածների ու անհետ կորածների թիվը ճշտելու համար: Այդ պատերազմում Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է զոհվել, քանիսը՝ անհետ կորել, քանի՞սն է հիմա Ադրբեջանում գերի։ Մարզպետարանից պատասխանել են. «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան պետական լիազոր մարմիններին»: Մարզպետարանը, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ պարտավոր էր հայտնել, թե որն է այդ տեղեկատվությանը տիրապետող համապատասխան պետական լիազոր մարմինը, սակայն դա չի արել: Տարօրինակ է, որ Տավուշի մարզպետարանն անցած երեքուկես տարում այդպես էլ ի ճշտել 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, գերված Տավուշի մարզի բնակիչների թիվը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ