ԴՊՐՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՓԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետություն շարունակվում են իրար հետեւից փակվել ուսումնական հաստատություններ, չնայած այն բանին, որ սյս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում»:

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց ոչ առեւտրային կազմակերպությունից, որ դպրոցն առանց ուսուցչական կազմի տեղյակ լինելու փակվում է։
Դպրոցի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի տնօրեն Խաչատուր Պարանյանը միշտ փափուկ բարձ է դրել նրանց գլխի տակ եւ ասել, որ դպրոցը չի փակվելու, ամեն բան լավ է լինելու։
«Դպրոցի փակման մասին մենք նախապես չենք իմացել, մեր տնօրեն Խաչատուր Պարանյանըմիշտ մեր գլխի տակ փափուկ բարձ է դրել, ասել է ամեն բան լավ է, դպրոցը չի փակվելու։ Հունիսի վերջին ԿԳՄՍՆ փոխնախարարը եկել է դպրոց՝ երեկոյան ժամի, Վանաձորում եղել են նիստի, երեկոյան 5-ի կողմերը եկել է դպրոցում աշխատողների հետ հանդիպել եւ ասել, որ մեր դպրոցը փակվում է, միանում է թիվ 13 դպրոցին եւ կառավարության որոշմամբ «թիվ 10-րդ դպրոց» անվանումը դուրս է գալիս դպրոցների անվանացանկից։ Մեր դպրոցի շենքում պետք է տեղակայվի Վանաձորի բնագիտամաթեմատիկական «Էվրիկա» դպրոցը, շենքը նրանց են խոստացել։ Այս պահին 13-րդ դպրոցը շենքային դպրոցներ չունի, ամբողջ այս 23-24 թթ ուսումնական տարին աշակերտները սովորել են Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի տրամադրված դասարաններում։ Իրենց համար պետք է կառուցվեր նոր, չափորոշիչներին համապատասխան շենք, սակայն շենքը չի կառուցվում, իսկ եղած շենքն էլ վերանորոգում են»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ 10 դպրոցի աշխատակիցը։
Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշխատակիցը նշեց, որ այս պահին 2 դպրոցների աշակերտներմիանում են իրար եւ պետք է գնան պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ տեղ պետք է տրամադրվի, սակայն իրենց տեղեկություններով պոլիտեխնիկական ինստիտուտն այլեւս չի կարող սենյակներ տրամադրել, քանի որ չունի։
«Մեզ կանգնեցրել են փաստի առաջ, e-draft-ում իրենք հրապարակել են դեռեւս օգոստոս ամսին դպրոցների միացման հարցը, բայց մենք տեղյակ չենք եղել ու e-draft-ում մի նշում չի եղել, որ ինչ-որ մեկը կողմ է դրա համար։ Եկել ենք, արդեն կառավարության որոշում է եղել հոկտեմբեր ամսին, որ ֆինանսական մեծ տարբերություն չի լինում 2 դպրոցների միացումից, բայց նպատակահարմար է միացնել 13-ին եւ 10-ի շենքը տալ «էվրիկային», որովհետեւ «Էվրիկան» ունի մրցույթների, օլիմպիադաների հաղթողներ եւ «Էվրիկայի» աշակերտներն ավելի լավն են, քան 10-րդ դպրոցի աշակերտները։ Մենք արդեն 5 անգամ վարչապետին գրություն ենք գրել, որ իրենց ներկայացրած տվյալները սխալ են, ընդհուպ սխալ է ներկայացրած եղել 2 դպրոցների միջեւ ընկած ճանապարհի հեռավորությունները։ Այս պահին մեր աշակերտների թիվը, ըստ մեր ունեցած սահմանային տեղի, ավելի շատ են, քան 13 դպրոցինը, քանի որ չունեն շենքային պայմաններ եւ ամբողջ կոլեկտիվը դուրս է մնում։ Ճիշտ է, նախարարությունն ասում է՝ կտեղավորենք, բայց մեկ բան է դպրոցում աշխատողն ունենա 20 ժամ, քան մյուս դպրոցում՝ 5 ժամ։ Առաջին հերթին երեխաների իրավունքներն են իրենք խախտում եւ երկրորդ հերթին խախտում են աշխատողների իրավունքները»-, ասաց դպրոցի աշխատակիցը։
Աշխատակցի խոսքով՝ վարչապետ Փաշինյանին ուղարկված գրություններին պատասխանել է ԿԳՄՍՆ փոխնախարարը եւ չնայած նրան, որ պատասխանում են՝ պատասխանը չի բավարարում դպրոցի աշխատակիցներին։
«Անընդհատ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ասում, որ ամեն բան լավ կլինի եւ ասում են, որ էլ գրություններ մի ուղարկեք, հոգնել ենք ձեր գրություններին պատասխանելուց, միեւնույն է նույնն ենք պատասխանելու»,- նշեց դպրոցի աշխատակիցը։
Նշենք, որ դպրոցի աշխատակիցները տարբեր կառույցների են դիմել, ընդհուպ՝ մարզպետարան, որտեղից պատասխանել են, որ մազպետը գնալու է տարածքն ուսումնասիրելու, սակայն առայժմ, չի գնացել։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են ինչ-որ քայլերի դիմել դպրոցը փակվելու հետ կապված, ինչին ի պատասխան դպրոցի աշխատակիցները պատասխանեցին.
«Չգիտենք, թե մեր հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Ճիշտն ասած՝ ուզում էինք բունտ անել, ճանապարհը փակել, բայց մարզպետը թույլ չտվեց, մեզ կանչեց լսելու, բայց առանձնապես մարզպետն էլ ոչ մի քայլ չի արել։ Բայց մենք հիմա էլ պատրաստ ենք ճանապարհը փակելուն, որովհետեւ մարզպետը խոստացավ, որ կգնա տեղային ուսումնասիրություն կանի, չնայած նրան, որ անցել է 10 օրվա չափով, բայց դեռ ոչ ոք էլ չի գնացել»։
Եվ, չնայած նրան, որ մարզպետը թույլ չի տվել ինչ-որ գործողություն անել, աշխատակիցներն ասացին, որ այնուամենայնիվ պատրաստվում են ճանապարհը փակել։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԱՆԳԼԻԱՅԻ ԲԱԼԵՏԸ. «ԺԻԶԵԼ»
Երեւանի քաղաքապետի հրավերով Երեւանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ:
Թատերախումբը գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերով Երեւան է ժամանել հատուկ չվերթով:
Հյուրախաղերն իրականացվում են Երեւան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում: Ամբողջ հասույթն ուղղվելու է «Երեւան բալետ ֆեստ 2024» նախագծի իրականացմանը:
Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացման ցուցադրությունները կկայանան մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, մայիսի 11-ին, ժ. 14:00-ին եւ 19:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետային ներկայացումը տարածաշրջանում առաջին անգամ է ցուցադրվելու՝ հավակնելով դառնալ տարվա ամենանշանակալի մշակութային իրադարձությունը:

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խուդավերդիի հրավերով՝ նա մասնակցել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 եւ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին:
Համերգն անցկացվել է Միլանի Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցում, որին ներկա են գտնվել նաեւ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը, հոգեւոր հովիվ Ներսես աբեղա Հարությունյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, իտալացի երաժշտասերներ: Քառյակը կատարել է հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները ոչ մի օլիմպիական ուղեգիր չեն նվաճել Ստամբուլում կայացած վարկանիշային մրցաշարում:
Վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանը ներկայացրած հունահռոմեական ոճի ըմբիշներ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ) ոչ մի ուղեգիր չնվաճեցին:
Հաջորդիվ պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ընտրանու կազմի ներկայացուցիչները` Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ):
Հայ ըմբիշներից դեռեւս Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը:

ՆՎԱՃԵԼ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
Հունահռոմեական ոճի ըմբիշներ, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ) Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում դուրս են եկել եզրափակիչ եւ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մնացականյանը կիսաեզրափակչում 1-1 հաշիվը գրանցեց չինացի Ռուի Լյուի հետ, սակայն հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ վերջին միավորը նա է վաստակել: Մինչեւ կիսաեզրափակիչ հասնելը Բուլղարիայի ներկայացուցիչը հաղթել է լիտվացի Պաուլուս Գալկինասին եւ հունգարացի Ժոլտան Լեւային:
Մնացականյանի քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ Փարիզ-2024-ի ուղեգիր էր նվաճել Եվրոպայի եռակի եւ աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Նույն քաշային կարգում Օլիմպիական խաղերին կմասնակցի նաեւ Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանը:
Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանի քաշային կարգում էլ (97 կգ) Հայաստանի հավաքականից նախորդ տարի Փարիզ-2024-ի ուղեգիր էր նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:




Լրահոս