Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշին բանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։
Պայմանագիրը, որը կնքվել է FMO-ի Nasira ծրագրի շրջանակներում, նպաստելու է աշխատատաեղերի ստեղծմանը, հնարավորություն է ընձեռում Արդշինբանկին իր վարկային պորտֆելը՝ ներգրավվելով նոր միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների(ՄՓՄՁ) հաճախորդներ՝ հատկապես սատարել երիտասարդներին, կանանց, ներգաղթյալներին, գյուղական տարածքներում գործող ձեռնարկատերերին։
«Արդշինբանկի և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկի միջև կնքված պայմանագիրը մեծ նշանակություն ունի ինչպես Արդշինբանկի, այնպես էլ մեր երկրի տնտեսության համար։ ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար։ Բացի այդ, սա յուրօրինակ նորարարություն է, չէ՞ որ շուկայում բացակայում են այնպիսի այլընտրանքային ծառայություններ, որոնք կառաջարկեին վարկային պորտֆելի պաշտպանություն, ինչպիսին առաջարկում է Nasira-ն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Արդշինբանկը լինելով Հայաստանի առաջատար բանկը՝ մատուցում է բազմաբնույթ և ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվնրի կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1․700-ից ավելի աշխատակիցներ։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր։
«Այսօր մենք համագործակցության հուշագիր ենք ստորագրում Արդշինբանկի հետ։ Մենք արդեն երկար ժամանակ է ակտիվ գործունեություն ենք ծավալում Հայաստանում և շատ ուրախ ենք, որ Արդշինբանկը մեր գործընկերն է Հայաստանում։ Իսկ թե ինչու ենք ուրախ, քանի որ Արդշինբանկի հետ կարող ենք շատ բաների հասնել։
Մենք վստահում ենք Արդշինբանկին, որ նա ծրագիրը հնարավորինս լավ կիրականացնի։ Մյուս կողմից սա բարդ գործընթաց է, քանի որ Արդշինբանկը պետք է մեծ ուշադրություն դարձնի հասարակության, Կառավարության ազդակներին։ Այնուամենայնիվ, սա շատ կարևոր պահ է մեզ համար, մենք տեսնում ենք մեր հետագա համագործակցությունը, որ մեծ նորամուծություն կբերի Հայաստան և հատկապես ՀՀ փոքր բիզնեսներին», ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հյուիբ-Յան դե Ռյուտերը՝ FMO Ներդրումների գծով համանախագահը։
FMO-ն ձեռներեցության զարգացման հոլանդական բանկն է, որի նպատակն է ձեռներեցներին ներառական և կայուն զարգացման հնարավորություն տալ։ Այս ամենը Ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը Հայաստանում կիրագործի Արդշինբանկի հետ համատեղ։