Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման առաջին իսկ օրվանից իշխանությունն ամբողջ ռեսուրսներով լծվել է շարժման անդամների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին տարատեսակ սուտ տեղեկություններ տարածելու գործին: Մեկ ասացին, թե կուսակրոն քահանա Բագրատ արքեպիսկոպոսի երկու որդիները չեն ծառայել բանակում, այն դեպքում, երբ նա որդիներ չունի:
Օրերս էլ ՔՊ-ի կողմից հրապարակ նետվեց տեղեկություն` Բագրատ արքեպիսկոպս Գալստանյանը Lexus LX 570 մեքենա է վարում, որի շուկայական արժեքը տատանվում է 40 հազարից 65 հազար դոլարի միջեւ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի թեմի լրատվության պատասխանատու Լիդիա Մանթաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ավտոմեքենա է վարում Սրբազանը եւ ինչ միջոցներով է գնել, ասաց. «Դա 2008 թվականի մեքենա է, այնպես չէ, թե նոր, թարմ ավտոմեքենա է: Բագրատ Սրբազանը՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, մշտապես իր խնամքի տակ է պահել դիրքերը պահող տղաներին եւ զորամասը: Նոր տարուն նույնիսկ մշտապես բարձրանում էր դիրքեր, զորամասեր ու տղաների հետ էր նշում Ամանորը: Եվ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ Բագրատ Գալստանյանը Կարո Առաքելյանի հետ հերթական անգամ գնացել է զինվորների Զատկի տոնը շնորհավորելու, դրանից հետո, Կարո Առաքելյանը Սրբազանին մեքենա է նվիրել»:

Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի:
Մեզ հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս