ՏԵՍԱՆՅՈՒԹ. 38 ձերբակալություն, ոտքի կոտրվածք, լրագրողի վրաերթ. անհնազանդության ակցիաների հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից սկսված խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում են նաև լրագրողներ և հանրությանը հայտնի դեմքեր:

Տուժողներից են «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության նախկին անդամ Համբիկ Սասունյանը, MediaHub.am-ի լրագրող Նարե Գնունին, Երևանում բնակվող Կարեն Գևորգյանը:

Առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալված քաղաքացիների թվում է նաև Համբիկ Սասունյանը, որի մասին հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը. «Ի թիվս շուրջ 2 տասնյակ անձանց ձերբակալեցին Համբիկ Սասունյանին»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան բաց են թողել, սակայն ակցիայի ընթացքում ուժայիններից մեկը հարվածել է նրա դեմքին:

Լրագրող Նարե Գնունուն հարվածել էր ոստիկանական մեքենան, որի առթիվ ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է հարուցվել:

Րոպեներ առաջ իրավապաշտպան «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ակցիայի ընթացքում կոտրվել է քաղաքացի Կարեն Գևորգյանի ոտքը. «Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյան։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաշորդում։

Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։
Հետևաբար իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»:

Ընդհանուր առմամբ առավոտյան 10:00-ի դրության ձերբակալվել էր 38 անձ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Սրապիոնյան




Լրահոս