Armlur.am լրատվականի թղթակիցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց ` հնարավոր է ապրիլի 28-ից առաջ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը միասնական հանրահավաք անեն Ազատության հրապարակում:
Լևոն Զուրաբյանի խոսքով ` քննարկումներ տեղի են ունենում այդ ուղղությամբ, ոչ մի բան բացառել չի կարելի: «ՀԱԿ-ը կողմնակից է, որ նման հանրահավաք իրականացվի»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
-Հանրահավաքի կազմակերպման նպատակը որ՞ն է լինելու: Ժողովրդի տրամադրվածությու՞նն եք ստուգելու:
-Ստուգելու կարիք չկա: Մարտի մեկի մեր հանրահավաքը կայացած ստուգատես է: Մենք գիտենք, որ ժողովուրդը պատրաստ է պայքարի: Եթե հիմա 4 քաղաքական ուժերը սկսեն իշխանափոխության գործընթաց, այն հաջողություն կունենա:
-Եթե ժողովրդի տրամադրությունը չի ստուգվելու հանրահավաքով, այդ դեպքում որն է հանրահավաքի կազմակերպման նպատակը:
-Բա հաղթանակը ո՞նց ենք ձեռք բերելու: Հենց հանրահավաքային ճնշմամբ:
-Այսինքն ` հանրահավաք եք անելու, որ հետո ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնե՞ք:
-Դուք ուզում եք ` քայլերի հաջորդականությունն իմանալ, քաղաքական խոհանոցային նրբությունների մեջ մտնել, իսկ ես այդ հաճույքը ձեզ պատճառել չեմ կարող:
Սոնա Դավթյան