Վաղը նորից շարունակելու ենք մեր հանդիպումները ՀԿ-ների և կուսակցությունների հետ. Բագրատ սրբազան: Այս մասին այսօր` մայիսի 14-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` ամփոփելով օրը:
«Երկու օր առաջ հանդիպել ենք 2 տարբեր կուսակցությունների հետ, այսօր Հանրապետականի եւ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպել եմ նաեւ 3 նախկին վարչապետերի` Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ, մեր պատկերացուններն ենք ներկայացրել, իրենք էլ իրենց առաջարկներն են ներկայացրել: Բոլորն էլ ներքին ոգեւորություն ունեն, որովհետեւ տեսնում են, թե փողոցում ինչ է կատարվում, տներում ինչ է կատարվում եւ մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան հասցնենք արդյունքի, այդ արդյունքը ինչ տեսքով կլինի ճանապարհային քարտեզի կարեւոր մասն է կազմում եւ դա կլինի ճշմարտության հաղթանակը, մենք ուրիշ տարբերակ չունենք»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ խմբակցությունները արդեն սկսել են իրենց տնային աշխատանքները կատարել, կարիք կա որոշակի իմաստով գործել ՔՊ-ի հետ. «Ինձ հարցնում են դուք կհանդիպե՞ք իրենց հետ, այո΄ կհանդիպեմ, իրենք իրենց լավ չեն պահում անկեղծ ասած, բայց ոչինչ, մենք դժվարություն չունենք այդ առումով, մեր առջեւ մեր հայրենիքն է»:
Նա նաեւ հայտարարեց, որ մայիսի 15-ի որոշակի ջրբաժան կա, եւ վաղը կհայտարարի հետագա անելիքների մասին. «Ամսի 15-ին կհասկանանք ինչ է տեղի ունենում եւ անմիջապես կասեմ, թե ամսի 16-ին ինչ ենք անելու: Ամեն դեպքում մենք ավելի մեծ մասնակցությամբ անելիքներ ունենք»:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ մայիսի 15-ին հայ-ադրբեջանական արձանագրություններ պետք է ստորագրվեն` կապված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ: