Մայիսի 14-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը ՄԱԿ-ի՝ Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿԱՏՀ/UNECA) գործադիր քարտուղար Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՄԱԿԱՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կազմակերպության գործադիր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Դեսպան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աշխուժացմանը և տարածաշրջանում ՀՀ ներգրավվածության ընդլայնմանը:
Կողմերը քննարկել են ներկա համագործակցությունը և դրա հեռանկարները, մատնանշել տարածաշրջանում կայուն զարգացման ուղղությամբ ջանքերը համադրելու անհրաժեշտությունը՝ ի աջակցություն մայրցամաքին՝ իրագործելու ՄԱԿ-ի 2030 և Աֆրիկայի 2063 զարգացման օրակարգերը: Ուրվագծվել են հետագա գործակցության ուղղությունները՝ հիմնված մասնավորապես ՄԱԿԱՏՀ-ի և հայաստանյան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ու Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) միջև ստորագրված հուշագրերի դրույթների վրա: