Կանադայի թեմին պատկանող եկեղեցին գրավադրելու վերաբերյալ վերջին օրերին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են տարածվում, իբրեւ թեմի առաջնորդի պարտականություններն իրականացնելիս Բագրատ սրբազանը գրավ է դրել եկեղեցին՝ պարտքեր փակելու համար:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է սրբազան հոր հետ։
-Սրբազա՛ն հայր, իշխանական լրատվամիջոցները Ձեր մասին նյութ են տարածել, որ 2013 թվականին Կանադայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գրավադրել եք։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Անգրագիտության մեծագույն աստիճանի են այս մարդիկ։ Ստախոսության գլուխգործոցն են վերստին դրսեւորում։ Առաջնորդը Կանադայում լինի, թե Ամերիկայում, նյութական իրավասություն չունի։ Կա թեմական խորհուրդ, կալվածոց խորհուրդ. եթե գրավադրելու հարց կա, ապա ազգային խորհուրդ կա, կա թեմական խորհուրդ, կալվածոց տեսչություն կա։
-Նույն իշխանական լրատվամիջոցները նաեւ տեղեկություններ են տարածում, որ Հանրապետության հրապարակում տեղադրված բեմի համար օրական 25.000 ԱՄՆ դոլար է վճարվում։
-Իմ գործը Ձեզ հարցազրույց տալն է, քայլելն է, մեկ էլ՝ խոսելը. մնացածի հետ ես գործ չունեմ։ Իրենք լավ էլ գիտեն թվերն էլ, ամեն ինչն էլ։ Կանադայի հետ կապված էլ ասեմ, եթե որեւէ խնդիր կա, այսօր Տավուշի թեմի գործունեության 90%-ը կանադահայերն են հովանավորում։ Այդ նույն մարդիկ հենց Կանադայում բարերարներ են։ Եվ խնդրում եմ՝ պաշտոնապես դիմեք կանադահայոց թեմին, ու թող այնտեղից պատասխան տան՝ գրավադրվե՞լ, է թե՞ ոչ։
-Սրբազա՛ն հայր, նախօրեին քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը իր ֆեսյբուքյան էջում գրել էր, որ լիահույս է՝ Կաթողիկոսի հետ նախատեսված հանդիպումից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Ձեզ կուղարկի հետ՝ Տավուշի թեմ։
-Բայց նա ո՞վ է, որ ինչ-որ բան ասի… Ո՞վ է նա։ Նրա կենսագրությունն ի՞նչ է, տեսե՞լ եք, կարդացե՞լ եք։ Մի գնացեք Արման Բաբաջանյանին հարցրեք, ասեք՝ խնդրում եմ, Ձեր կենսագրության մասին պատմեք։ Այդ հսկա հեռուստաընկերությունը եւ այլնը, ո՞ւմ փողերով ես արել…Եվրամիություն, Ամերիկա…:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Civic.am լրատվականը օրերս հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, նշվում էր. «Կանադայում լույս տեսնող Armenian Mirror-Spectator շաբաթաթերթը 2013 թվականի հուլիսի 20-ի իր համարում խայտառակ մանրամասներ է ներկայացրել այդ ժամանակվա՝ Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գործունեությունից։
Գալստանյանը, նախ, Կանադայի թեմը ներքաշել է ինչ-որ տարօրինակ ֆինանսատնտեսական գործունեության մեջ, որի արդյունքում գոյացել են հարյուր հազարավոր դոլարների պարտքեր, իսկ հետո էլ փորձել է գումարի դիմաց գրավ դնել Կվեբեքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին»:
Վերոնշյալին անդրադառնալով էլ՝ Տավուշի թեմի առաջնորդը ընդգծել էր, որ հենց նույն կանադահայերն են այսօր ֆինանսավորում Տավուշի թեմի գործունեությունը, եւ որ առաջնորդը ֆինանսական իրավասություններ չունի, հետեւաբար՝ նման գործունեություն ծավալել չէր կարող:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՂ ՄԱՐՄԻՆ ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ
2018 թվականի ապրիլի 15-ին՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե որեւէ քաղաքացի ՀՀ-ն լքեց եւ չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով»:
Իհարկե, այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել. ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել։ Ինչ վերաբերում է Հայաստանից մեկ օր անգամ բացակայողներին ընտրացուցակներից հեռացնելու խոստմանը, այն եւս չի կատարվում։ Ավելին՝ ընտրացուցակների վերաբերյալ փաստերն ու ահազանգերը բազմաթիվ են, որ դրանցում տեղ են գտնում մահացած, երկրից բացակայող անձինք եւ այսպես շարունակ:
Կարճ ասած՝ Փաշինյանը խաբել է:
«ԺԱՌԱՆԳԱԿԱՆ» ՄԱՐԶՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱ՞Լ Է
««Ժառանգական» մարզպետությունը նորմա՞լ է. եղբորից եղբայր մարզպետի պաշտոն անցնելը նորմա՞լ է: Թեմա մի բացեք, ասեք՝ թող խելոք մնա: Այդքան բան»: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը` անդրադառնալով տավուշցի պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանի հայտարարությանը, որ ժամանակին սրբազանի հետ սուրճ էլ է խմել, հաց էլ է կերել, բայց հիմա «իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ»:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողներին խնդրեց ճշտել, թե ինչ մասնագիտություն ունեն Վահե Ղալումյանն ու մյուսները, որոնք իրեն մեղադրում են իր գործով չզբաղվելու մեջ: «Խնդրում եմ, ով խոսում է` մեկիկ-մեկիկ նայեք, թե մասնագիտություններն ինչ են: Վահե Ղալումյանին հարցրեք, թե ի՞նչ մասնագետ է, տեսնենք՝ ինքն իր գործով զբաղվո՞ւմ է»,-ասաց նա:
Լրագրողներն ասացին, որ Վահե Ղալումյանն ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը, ինչին ի պատասխան Սրբազանն՝ ասաց. «Շատ պարզ է արդեն: Աշխատել է շինարարական կազմակերպությունում աշխղեկի օգնական: Բա տնտեսագետը ո՞նց է գնացել՝ աշխղեկի օգնական աշխատելու»:
ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԵՎ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
«Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով անպայմանորեն ԲԴԽ-ից եւ քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են»: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Այս որ ճնշումներ բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել են վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը, եւ ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչեւ հիմա, հաստատվել են դրանով։ Թե կոնկրետ այս գործով ի՞նչ աստիճանի հանձնարարական է տրվել դատավորին, եւ նա ինչքանո՞վ է կարողացել հնարավոր հանձնարարությանը դիմադրել՝ չեմ կարող ասել», – ասաց Բաբայանը։
Թե ինչ սպասելիքներ կան, Բաբայանը նշեց. «Եթե կվերամակագրվի այնպիսի դատավորի, որը կունենա ուժ, արդարադատություն իրականացնելու իրական կարողություն, կարող ենք ակնկալել որոշակի հույսեր։ Այս դատավորը կոնկրետ այդպիսին էր եւ ապացուցել էր նախկին դատական ակտով։ Սակայն գտավ, որ ինքը չպետք է քննի այս գործը, որ կարող է հասարակության մոտ կասկած առաջանալ՝ իր անաչառության հետ կապված։ Ափսոսում եմ, քանի որ փորձից գիտենք, որ գործ ունեինք արդարադատություն իրականացնող քիչ մնացած դատավորներից մեկի հետ»,-ասաց Բաբայանը։