Մայիսի 4-ին սկսվեց Բագրատ Սրբազանի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է՝ ինչպես սկսվեց սահմանազատման եւ սահմանագծման դեմ շարժումը։
2024 թվականի մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշի մարզ, հանդիպեց տեղացիներին, գնաց Կիրանց, Ոսկեպար։ Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը եւ նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը հետեւյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան եւ տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, եւ դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ պետական սահման»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, երբ հայտարարվեց սահմանազատման եւ սահմանագծման գործողությունների սկիզբը՝ ապրիլի 20-21-ը, Կիրանցի հատվածում ինտենսիվ փակ պահեցին դեպի գյուղ տանող ճանապարհը։ Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները վաղ առավոտից հատուկ ռեժիմ էին սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա։ Կիրանց կարողանում էին մուտք գործել միայն տեղացիները, ընդ որում՝ նրանք ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
Գյուղ մուտք գործել չհաջողվեց նաեւ հոգեւոր առաջնորդներին։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն այդ օրերին Կիրանցում մասնակցում եւ առաջնորդում էր հավաքները, չկարողացավ գյուղ մտնել։
Համարելով, որ Կիրանցում սակավ թվով հանրահավաքը արդյունք չի ունենա՝ Բագրատ Սրբազանը հայտարարեց Կիրանցից քայլերթով մայրաքաղաք Երեւան գալու մասին, իսկ մայիսի 4-ին մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երեւան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ. օր առաջին՝ 4 մայիսի
«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մեկնարկը, ինչպես արդեն ասացինք, տրվեց Կիրանցից։ Առաջին կանգառը եղավ Հաղարծինի վանական համալիրում։ Առավոտյան երթը դեպի Սեւան քաղաք մեկնարկեց աղոթքով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ. օր երկրորդ՝ 5 մայիսի
Շարժումը մեկնարկեց Սեւան քաղաքից՝ Սեւանավանք եւ թերակղզի տանող ճանապարհահատվածից։ Շարժման առաջին օրերին պահանջներ չդրվեցին եւ նպատակակետը մայրաքաղաք հասնելու՝ կարծես թե սահմանագծման եւ սահմանազատման դեմ պայքարն էր, սակայն այն լղոզված պահանջ էր դեռ։ Առաջին գիշերը անցավ բաց երկնքի տակ Սեւան քաղաքում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ՝ օր երրորդ. 6 մայիսի
Շարժմանը շարունակաբար միանում էին քաղաքական եւ մշակութային գործիչներ, նախկին եւ ներկա քաղաքական հայտնի դեմքեր միանում էին Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը՝ հայտնելով իրենց աջակցությունը։
Երկրորդ օրը քայլերթի ուղին դեպի Հրազդան քաղաք էր։ Այս օրերին, հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն երթից, Բագրատ Սրբազանը սահմանեց՝ «Սա չակնկալիքների շարժում է»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ. օր չորրորդ՝ 7 մայիսի
Շարժումը բավականաչափ հնչեղություն էր ստացել, սակայն հարցին՝ արդյոք նպատակ կձեւավորվի պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հրաժարականի վերաբերյալ, միեւնույնն է, հնչում էին բացասական կամ խուսափողական պատասխաններ։ Քայլերթը շարժվեց դեպի քաղաք Չարենցավան։ Իշխանությունը, ամբողջ լծակներն օգտագործելով, փորձեր էր անում անվանազրկել Բագրատ սրբազանին, «ռուսի գործակալներ» էր անվանում բոլոր նրանց, ովքեր միանում, սատարում եւ նույնիսկ լուսաբանում էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երեւան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ. օր հինգերորդ՝ 8 մայիսի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը Չարենցավանից հասավ Աբովյան քաղաք։ Երթի ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերն ուղեկցում էին մասնակիցներին, հորդորում ոչ մի ավելորդ քայլ չանել։ Աբովյանում Սրբազանի առաջնորդած քայլերթին միացան եւ դիմավորեցին մի խումբ քաղաքացիներ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Սրբազանի առաջնորդած քայլերթին ընդառաջ եկան նաեւ երիտասարդները՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթ. օր վեցերորդ՝ 9 մայիսի
Առավոտյան՝ ժամը 11։00-ին, մեկնարկեց Աբովյանից դեպի Երեւան քայլերթը։ Մինչ Բագրատ Սրբազանի Երեւան հասնելը՝ խմբերով տարբեր կառույցներ սպասում, միանում եւ աջակցություն էին հայտնում շարժմանը։ Իշխանությունները, թեպետ հակառակ թեզեր էին շրջանառում՝ հուսալով, որ շատերը չեն միանա Բագրատ Սրբազանի երթին. այնուամենայնիվ, անասելի եւ անսպասելի մարդաշատ էր երթը։ Հանրապետության Հրապարակը մարդաշատ էր, բոլորը սպասում էին երթի ժամանմանը։ Հրապարակ հասնելուն պես՝ Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական ներկայացնելու համար։ Ժամը 20։00-ին Բագրատ Սրբազանը ժամանակն ավելացրեց եւս 15 րոպեով։ Իշխանական թեւը վախվորած, ինչպես իրենք են սիրում ասել՝ հոգեվարքի մեջ, սկսեցին նոր չելենջ. մեկ մարդու պես բոլոր ՔՊ-ականները տարածեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ վերտառությամբ՝ «Մեր պատասխանը Բագրատին՝ ՀՀ ընտրված վարչապետ»։
Նիկոլ Փաշինյանից այս ընթացքում ոչ մի ձայն չլսվեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում. օր յոթերորդ՝ 10 մայիսի
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը առավոտյան քայլերթը նորից սկսեց, սակայն այս անգամ ամբողջ մարաքաղաքով։ Քայլերթին միացան ուսանողները, սկսվեց համատարած դասադուլ։ Երեկոյան կրկին մարդաշատ հանրահավաք կազմակերպվեց Հանրապետության Հրապարակում։ Շաբաթ օրը հայտարարվեց հանգստի օր, սակայն քաղաքացիները, ինքնաբուխ ակցիաներ իրականացնելով, մի քանի գլխավոր փողոցներ փակեցին։ Արդյունքում՝ ժամը 14։50-ի դրությամբ, ձերբակալված էր 48 քաղաքացի։
Այս ամբողջ ընթացքում քայլերթը սկսվեց, եւ շարունակվում էր իշխանական սադրողական կոչերով եւ բոլորին «նարկոբարոններ» եւ «արտասահմանյան գործակալներ» անվանելով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում. օր ութերորդ՝ 11 մայիսի
Երեւանում եւ մարզերում տեղի են ունեցել խաղաղ անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանները հաճախ անհամաչափ ուժ են կիրառել: Այդ ընթացքում շարժման առաջնորդները հանդիպումներ են ունեցել ընդդիմադիր տարբեր ուժերի, կազմակերպությունների եւ մասնագիտական խմբերի հետ՝ ի մի բերելու հետագա ծրագրերն ու հասարակությանը հստակ քայլեր ներկայացնելու նպատակով:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում. օր իններորդ՝ 12 մայիսի
Երեկոյան՝ ժամը 17:00-ին, երիտասարդները ուրարակիր Թովմաս առաքելյանի ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի հրապարակ: 18:30-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը, որի ընթացքում մասնագիտական խմբերի ներկայացուցիչները խոսեցին ծրագրային ընթացքից, իրավական կետերից եւ հետագա անելիքներից:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում. օր տասներորդ՝ 13 մայիսի
Առավոտյան՝ ժամը 09:00-ից, մայրաքաղաքի եւ մարզերի տարբեր կետերում մեկնարկեցին անհնազանդության ակցիաները: Սրբազանն այցելեց գրողների եւ նկարիչների միություններ, եղավ Գիտությունների ազգային ակադեմիայում: Երեկոյան՝ ժամը 19:30-ին, քաղաքացիների հետ հանդիպում ունեցավ Սուրբ Աննա եկեղեցու բակում:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ԻՍՊԻՐՅԱՆԸ ՎԱՅՐ Է ԴՐԵԼ ՄԱՆԴԱՏԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երեւանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն՝ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երեւանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։
ՓԱՍՏԱԲԱՆ Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հանրային լայն հաշտության օրակարգին ՔՊ-ական այս դեպուտատը պատասխանում է անհանդուրժողականություն հրահրելով։
Լավ չի, աղջիկ ջան, հեչ լավ չի։ Ոչ երանի քեզ հետ սուրճ խմողին … դժվար թե հաջողվի քեզ բան բացատրել»։
Ավելի ուշ՝ Հասմիկ Հակոբյանը գրառում արեց. «Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարեւոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ:
Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները, իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են՝ իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել:
Հ.Գ. Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես, իհարկե, չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա:
Նաեւ կխնդրեմ լրագրող ընկերներիս սա եւս հրապարակել:
Մի բան էլ, հոլովելիս «ա»-ից եւ «ո»-ից հետո լսվող «յ»-ն գրվում է)) (մեքենաՅին)»:
ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը, որը պետք է տեղի ունենա կառուցողական մթնոլորտում։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը։
«Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին. բանակցային գործընթացը պետք է ընթանա վստահության, հավասարության մթնոլորտում։ Տասնամյակներ տեւած եւ տառապանք պատճառած հակամարտությունը կարող է ավարտվել»,-ասել է նա։