Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին՝ ժամը 19:10-ին, Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շևրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շևրոլե Վոլտ» մեքենայում գտնվողներին, իսկ այդ ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ են արձակվել:
Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են խուլիգանության մասնակիցների ինքնությունը. ութ երիտասարդն էլ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ են:
Պարզվել է, որ նրանք անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Շևրոլե Վոլտի» վարորդին, նա էլ գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք պարկուճ:
Մայիսի 12-ին «ՎԱԶ-2112»-ի վարորդը՝ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Մայիսի 13-ին հայտնաբերվել են նաև միջադեպի երկու մասնակից: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
«Շևրոլեի» վարորդը ներկայացրել է գազային ատրճանակը:
Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: