Արյունաբանականի տնօրեն Դանիելյանին մի քանի անգամ հորդորել են ազատման դիմում ներկայացնել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Բժիշկը նշել է, որ իր համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները»։

Գևորգ Թամամյանը իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Սամվել Դանիելյանի ազատման պատճառը Բագրատ Սրբազաբի հետ ողջագուրվելն է եղել։

Բժիշկ Գևորգ Թամամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ ողջագուրումը և գրկախառնումը եղել է Տավուշի մարզում քայլերթի մեկնարկի սկզբում։

«Գրկախառնությունը պատճառ է դարձել նման որոշման։ Բագրատ Սրբազանը, երբ Դիլիջանից երթով գալիս էր, պարոն Դանիելյանը գնացել ողջագուրվել է նրա հետ։ Դրանից հետո մի քանի անգամ նրան հորդորել են ազատման դիմում ներկայացնել, չի գրել։ Պարոն Դանիելյան էլ մերժել է՝ ասելով 20 օրից իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է, իմաստ չկա, բայց վերջում ստացվեց այսպես։ Այնտեղ վերևում մեկը կա նստած ոչ հավասարակշիռ, դեպքից հետո ցնցումների մեջ է ընկել, դրանից հետո նման որոշում է կայացվել»,- ասաց Գևորգ Թամամյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Սամվել Դանիելյանին կուռքի պես պաշտում են բժշկական կոլեկտիվում, նա շատ սիրված ղեկավար է ԲԿ-ում։ Հավելենք նաև, որ Սամվել Դանիելյանը և Գևորգ Թամամյանը  «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ են և հոգաբարձուների խորհրդի անդամներ են, իսկ «Սիթի օֆ սմայլ» հոգաբարձուների խորհրդի նախագահը Բագրատ Սրբազանն է։

Էմմա Միքայելյան




Լրահոս