«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «13․04․2018թ․ ելույթ ունենալով Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետեւ դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության»:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել է թշվառության: 10․01․2024թ․, մամուլի ասուլիսում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2024 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա։ 31․01․2024թ․ մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց․ «Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»։
Ասաց, որ դեռ 2022 թվականին է որոշվել, որ թոշակները 2024-ին չեն բարձրանալու, քանի որ, ըստ նրա, կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի եւ չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:
Կառավարության՝ 10․02․2022թ․ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան դատավորների, դատախազների, քննիչների հարցում։ Նա ասաց. «Մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք, որ ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա, իհարկե, մեր պարտավորությունն է, եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: