ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների ցանկ։ Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակնկալվում է առանձին կարեւորություն պահանջող դասընթացների ցանկ սահմանել բուժաշխատողների համար։ Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները։ Դրանից բացի՝ կարող են լինել համաճարակային իրավիճակներում վարքականոններին վերաբերող դասընթացները եւ այլն։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարինե Աբրահամյանը նշեց, որ այսօր էլ բուժաշխատողները յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ հավաքելու համար մասնակցում են դասընթացների. սակայն փորձը ցույց է տալիս, որ հիմնականում բուժաշխատողներն ընտրում են իրենց մասնագիտությանն անմիջական առնչվող դասընթացները։
«Փորձը ցույց է տալիս, որ բուժաշխատողները կրեդիտները ձեռք են բերում՝ իրենց մասնագիտությանը համապատասխան դասընթացներին մասնակցելով։ Քանի որ դասընթաց ընտրելը կամավորության սկզբունքով է, հետեւաբար՝ բուժաշխատողը ինքն է որոշում՝ ինչ դասընթաց ընտրի ու այդ դեպքում հնարավոր է, որ, օրինակ, աղետների բժշկության դասընթացին չմասնակցեն։ Այս նախագծի նպատակն այն է, որ տվյալ իրավիճակի վերլուծությունից ելնելով՝ արտակարգ դեպքեր, համաճարակ, կպահանջվեն կոնկրետ դասընթացներ, ու դրանք կներառվեն պարտադիր ցանկում», – ասաց Կարինե Աբրահամյանը։
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ պարտադիր դասընթացների ցանկը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Դասընթացների ցանկը քարացած չի լինելու, այն ժամանակի ընթացքում փոփոխման ենթակա է։ Նախագծով առաջարկվում է նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ եւ փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը։
«Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող դասընթացները հասանելի կլինեն բուժաշխատողների համար, պետությունը կվճարի այդ մասնակցության համար։ Հատկապես մեր մարզային բուժաշխատողները հնարավորություն կունենան համաշխարհային բժշկության շարժերին ծանոթանալ՝ մասնակցելով հեղինակավոր միջազգային կառույցների կողմից կազմակերպվող դասընթացներին»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։
Մասնագետներն ընդգծում են, որ այս նոր մոտեցմամբ բուժաշխատողները կլինեն ավելի պատրաստված, նրանց հնարավորություններն ու կարողությունները կզարգանան, իսկ բուժառուն միայն կշահի դրանից։ Շարունակական մասնագիտական զարգացման պարտադիր դասընթացների մասնակցությունը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի նախատեսվում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԱՄԵՆՈՒԺԵՂ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Մայիսի 11-ի ուժեղ մագնիսական փոթորիկը միայն փոքր խափանումներ է առաջացրել էլեկտրացանցում, կապի համակարգերում եւ արբանյակներում։
Մայիսի 11-ի առավոտյան SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ծառայության կայքը հայտնել է, որ ծառայության որակը վատացել է: Բայց, ի վերջո, փոթորիկը էական վնաս չի պատճառել։ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) եւ Էներգետիկայի նախարարությունը հայտնել են, որ երկրի ոչ մի տարածաշրջան չի հաղորդել մագնիսական փոթորկի զգալի ազդեցությունների մասին: Այնուամենայնիվ, հյուսիսափայլի վառ մանուշակագույն, կանաչ, դեղին եւ վարդագույն երանգները նկատվել են ամբողջ աշխարհում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Անգլիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում:
Մարդկության պատմության մեջ ամենահզոր մագնիսական փոթորիկը տեղի է ունեցել 1859 թվականին։ Այն առաջացրել է բեւեռափայլեր Կենտրոնական Ամերիկայում եւ, հնարավոր է, նույնիսկ Հավայան կղզիներում: Նման իրադարձությունը կարող է վնասել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին եւ արբանյակներին, որոնք հիմնված են Երկրի վրա նավիգացիոն եւ հաղորդակցության ծառայությունների վրա:

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ի նիստում ընդունել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ դրանցով համալրված փաթեթի օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
Նա առաջարկել է Հաշվեքննիչ պալատում ծառայությունը ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ եւ սահմանել դրան անցնելու իրավական կառուցակարգերը: Արուսյակ Մանավազյանի հաջորդ առաջարկը վերաբերում էր՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի 8-րդ հոդվածում սահմանել, որ իրավաբանական անձանց ստուգման՝ Հաշվեքննիչ պալատի գործառույթը չի տարածվում ՀՀ օրենքով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների վրա:
Պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշել է, որ սրանով Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ են կատարվում, որոնք սահմանում են Հաշվեքննիչ պալատի կարողությունները եւ լիազորությունները: Դրանք, ըստ նրա, կուժեղացնեն նաեւ ԱԺ պատգամավորների հնարավորությունները՝ կառավարության նկատմամբ իրենց վերահսկողական գործառույթը կատարելու առումով:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Գեղարվեստական լուսավորությամբ կապահովվի նաեւ «Մայր Հայաստան» հուշարձանը: Բացի այդ, նշվել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ:

ՄԱՐԶՊԵՏԸ ՄՍԽԵ՞Լ Է ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ
2023 թվականի աշնանը Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված 2970 արցախցիների հյուրատնային ծախսերի համար, ըստ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալների, պետական բյուջեից ծախսվել է 216.8 միլիոն դրամ։ Տեղեկատվական հարցում ենք ուղարկել Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին՝ խնդրելով հայտնել, թե այդ 216.8 միլիոն դրամը արցախցիներին հյուրատնային ծառայություններ մատուցած ո՞ր կազմակերպություներին, յուրաքանչյուրին ի՞նչ չափով է հատկացվել: Մարզպետը մերժել է տրամադրել այդ տեղեկությունը՝ դա համարելով առեւտրային գաղտնիք։ Պետական բյուջեի գումարների հատկացումը ո՞նց կարող է առեւտրային գաղտնիք լինել. մայիսի 3-ին մարզպետին նոր հարցում ենք ուղարկել՝ խնդրելով պատասխանել հարցին՝ նշված տեղեկությունը առեւտրային գաղտնիք համարելը Ձեր անձնակա՞ն կարծիքն է, թե՞ մարզպետարանի իրավաբանական բաժնի, պատրա՞ստ եք այդ տեղեկությունը առեւտրային գաղտնիք համարելը եւ այդ հիմքով այն չտրամադրելը հիմնավորել դատարանում։ Մարզպետը պատասխանել է մայիսի 3-ին ուղարկված տեղեկատվական հարցման բոլոր հարցերին, սակայն միտումնավոր անտեսելով՝ չի պատասխանել այդ հարցին։ Հայկ Ղալումյանը ինչո՞ւ է խուսափում հիշյալ հարցին պատասխանելուց. մարզպետը մսխե՞լ է Արցախից բռնագաղթածների հյուրատնային ծախսերի գումարը։

ԻՋԵՎԱՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ, ՈՉ ԹԵ ՏԱՎՈՒՇԻ
Տավուշի մարզը կազմված է 4 խոշոր համայնքներից՝ Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան։ Տավուշի մարզպետարանի ութ տասնյակ աշխատակիցների մեջ Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքների ոչ մի բնակիչ չկա, բոլորը իջեւանցիներ են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցադրում ենք արել, թե ե՞րբ են Տավուշի մարզպետարանի աշխատակազմում աշխատելու Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքների բնակիչներ։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում թափուր հաստիքները համալրվում են մրցույթի արդյունքում: Թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջում եւ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կայքէջում: Հայտարարված մրցույթներին առ այսօր Ձեր կողմից նշված տարածքներից դիմորդներ չեն եղել»: Ահա այսպիսի «շատ համոզիչ» պատասխան, որի մեջ էլ վարչապետ բառն էլ, անհիմն կերպով, մեծատառով է գրել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս