Վերջին երկու-երեք օրը ակտիվորեն քննարկվում է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու գոյության հարցը. հայտնի է, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել է եկեղեցին:
Եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին է պատկանում եւ կառուցվել է 1996-ից 1999 թվականներին՝ արցախյան առաջին պատերազմից եւ Արցախի ազատագրումից հետո Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ:
1996 թվականի մարտի 3-ին եկեղեցու հիմքը դրվել է փոքրիկ բարձրության վրա։ Գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսի 31-ին, եւ կառուցման աշխատանքները ավարտվել են 1998 թվականին։ Նախագծի հեղինակն ու վերահսկող ճարտարապետը՝ Հրաչյա Գասպարյանն է, քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը, իսկ սրբապատկերների նկարիչը՝ Կարո Մկրտչյանը։
Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգեւոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից նրան փոխարինել է Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը։ Եկեղեցին գտնվում էր Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը Հադրութ քաղաք այցի ընթացքում հայտարարել էր, որ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին պետք է մզկիթ դարձնել։ Նախքան Բերձոր քաղաքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելն արդեն շրջանառվում էին տեղեկություններ, որ Սուրբ Համբարձման եկեղեցին վերածվելու է ադրբեջանական մզկիթի։ Մասնավորապես՝ 2022 թվականի օգոստոսին «Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել էր նման ծրագրի եւ նախագծի առկայության մասին, որի համաձայն նախատեսված էր քանդել գմբեթի վեղարն ու զանգակատունը, որոնց փոխարեն պիտի կառուցվեր երկու մինարեթ։ 2023 թվականի հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հայտարարել է, որ Ադրբեջանը Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է ադրբեջանական մզկիթի, իսկ արդեն մի քանի օր առաջ արբանյակային քարտեզի միջոցով հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները եկեղեցին հիմնահատակ ավերել են։
Եկեղեցու ճարտարապետը ճանաչված եկեղեցաշինարար Հրաչյա Գասպարյանն է եղել։ Հիմնական քանդակազարդերի հեղինակը հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:
Եկեղեցու դիմային ճակատին քանդակված է գրիգոր Նարեկացու խոսքը՝ «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»:
Տաճարի երեք դռների հեղինակը փայտագործ վարպետ Վանո Դադոյանն է։
Եկեղեցու ջահը եւ խաչերը պատրաստել են ՀՀ Հուշարձանների պահպանության վարչության Աշտարակի արվեստանոցի դարբինները, իսկ երկու զանգերը նվիրաբերված են Լիբանանի հայ համայնքի կողմից։
Եկեղեցին կառուցված է Սիսիանի Շաքի գյուղի հանքավայրերի կապտավուն բազալտ քարից եւ ցեմենտի շաղախից։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԵՂԵՑԻԿԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Լուսնի լույսը. Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն» խորագրով համերգը։ Մենակատարներ՝ Աննա Ցագարելլի (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ)։
Աննա Ցագարելլի նոր հեղինակային ծրագրում հանդիսատեսը կարող է վերագտնել իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ լսել առասպելներ, հեքիաթներ, բանաստեղծություններ ու բազմաթիվ հետաքրքիր պատմություններ երաժշտության մասին։
Հեղինակը գրում է. «Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների մասին համերգային նախագիծն իմ ամենասիրելի ծրագրերից է։ Այստեղ համատեղվում են գեղեցկագույն երաժշտությունը, կերպարվեստը, պոեզիան եւ անչափ գրավիչ արվեստային պատմությունները: Ես կպատմեմ առասպելական կերպարների, արքայադուստրերի եւ գնչուների մասին, կկարդամ պոեզիա, ցույց կտամ նկարազարդումներ եւ տեսանյութեր… Իմպրեսիոնիստների կերպարային աշխարհն աներեւակայելի գեղեցիկ է եւ բանաստեղծական։ Եթե ուզում եք երկու ժամով մոռանալ առօրյան, կտրվել հոգսերից ու ոգեշնչվել գեղեցիկով՝ ապա այս ծրագիրն այն է, ինչ ձեզ հարկավոր է»:
Աննա Ցագարելլին դաշնակահարուհի է. ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան՝ արժանացել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկրի կոչման, մասնակցել բազմաթիվ երաժշտական փառատոների։ Մոսկվայի Մեծ թատրոնի կամերային երաժշտության համերգաշարի հրավիրված արտիստ է, դասական երաժշտության «Երաժշտական պատվաստում» նախագծի ղեկավար, դաշնամուրի դասավանդման սեփական մեթոդիկայի հեղինակ։
Նախագծի հատուկ հյուրն է Կարեն Շահգալդյանը։ Երաժիշտը համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն դահլիճներում. Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Վիեննայի Մուզիկֆերայն… Կարենը Շահգալդյանը համերգներով այցելել է շուրջ 30 երկրների 200-ից ավելի քաղաքներ՝ հանդիսատեսին մշտապես գերելով իր կատարողական վարպետությամբ։
18 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները 3 ոսկե, 8 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում՝ մայիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունում:
Թիմային ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները 18 մեդալով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մայիս Ներսիսյանը (64 կգ/ մարտական սամբո), Աննա Այվազյանը (50 կգ/ երիտասարդներ) եւ Ալեքս Խաչատրյանը (53 կգ/ պատանիներ):
Մեծահասակների պայքարում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավանեսյանը եւ 54 կգ քաշային Արփինե Մնացականյանը: Երիտասարդների պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Ղազարյանը (79 կգ), իսկ պատանիների պայքարում՝ Մելինե Առաքելյանը (47 կգ քաշային), Նարեկ Սիմոնյանը (53 կգ) եւ Սեյրան Սարուխանյանը (88 կգ):
Մեծահասակների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Կարեն Սարգսյանը (58 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ), մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանը եւ 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը: 18-20 տարեկան երիտասարդների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Մհեր Մելոյանը (58 կգ) եւ Անի Մարտիրոսյանը (54 կգ), իսկ 16-18 տարեկան պատանիների պայքարում՝ 79 կգ քաշային Լեւոն Վանոյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 29 երկրի շուրջ 600 մարզիկ:
Ավելի վաղ՝ Եվրոպայի առաջնության նախօրեին, տեղի է ունեցել մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի շրջանակում անցկացվել են գործկոմի նոր կազմի եւ ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում:
ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցել է Շանթ Սարգսյանը, որն 9 հնարավորից հավաքել է 6 միավոր եւ գրավել 8-րդ հորիզոնականը: Նույն միավորով 13-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: Հովիկ Հայրապետյանը 30-րդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը` 31-րդ:
Մրցաշարի լավագույն երեք տեղերում Հնդկաստանի ներկայացուցիչներն են: