Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ Սուրբ Աննա եկեղեցում հանդիպեց «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի մասնակիցներին եւ աջակիցներին, որտեղ անձրեւի պատճառով քաղաքացիների հետ զրույցի չկայանալը մեկնաբանեց լավատեսական կերպով՝ ասելով. «Այս անձրեւը մեր մեղքերը սրբելու մասին է»:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:
Արփինե Ստեփանյան (58 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,
2) թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,
ՀՀ սոցիալական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1-ին եւ 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), եւ լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով:
Հայկ Գաբրիելյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե`
ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց,
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
ՀՀ փաստաբանների պալատ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու` հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչեւ երեքամսյա ժամկետ: Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:
Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: