«ՇԱՐԺՈՒՄԸ ՃՆՇԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ ArmLur.am-ը զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։

-Պարո՛ն Սողոմոնյան, տեսնում ենք, որ ոստիկանությունը, գնալով, ավելի բիրտ ուժ է կիրառում, ավելի է կոպտացնում իր գործողությունները, անգամ կանանց, տարեցների ու երեխաների նկատմամբ Է այդ ուժը կիրառում: Բերման են ենթարկվում անգամ պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ: Այս ամենին ի՞նչ գնահատական կտաք, քանի որ օրեր առաջ նաեւ Ձեզ էին բերման ենթարկել:
-Դա ցույց է տալիս, որ ռեժիմը, այսպես կոչված, խուճապի մեջ է: Վարչախումբը վախեցած ու ահաբեկված է, եւ իր բոլոր լծակները գործադրում է: Այսօր ցուցարարների երրորդ պիկապն են տարել տուգանային հրապարակ՝ տեխզննման եւ նմանատիպ ինչ-որ պատրվակներով: Պետք է իրավապահ մարմիններին, ոստիկանությանը դիմենք, միշտ հիշեցնենք՝ սրանք գնալու են, դո՛ւք մնալու եք. մի՛ արեք քայլեր, որ հետո իրար աչքերի մեջ նայել չկարողանանք: Դուք պետական իշխանության ներկայացուցիչներ եք, քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, ապօրինի գործողություններից զե՛րծ մնացեք:
Ի դեպ, ասեմ, որ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ ոստիկանության այն աշխատակիցների դեմ, որոնք Կիրանցում բռնություն էին գործադրել մարդկանց նկատմամբ. այժմ հարուցվել են քրեական գործեր:
-Այսինքն՝ խոսքը բացառապես Կիրանցո՞ւմ տեղի ունեցած բռնությունների մասին է:
-Այո՛, դեռ այն ժամանակ, երբ բռնի գործողությունների էին իրականացնում քաղաքացիների նկատմամբ, հաղորդում էինք տվել, թե ինչո՞ւ սայլը տեղից չի շարժվում: Չէ՞ որ այդ ամենը նկարահանված է, կա, բայց գործեր չեն հարուցվում:
Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ ժողովրդական շարժման աճին զուգընթաց, ռեժիմի վախերը շատանում են, եւ նա փորձում է «ոստիկանապետության» բոլոր մեթոդներով ճնշել շարժումը, բայց դա, բնականաբար, չի ստացվելու: Այստեղ հավաքված մարդիկ զոհվածների ծնողներ են, որոնք իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքի համար, մարդիկ են, որոնք ունեն քաղաքացիական, իրավական բարձր գիտակցություն, եւ ճնշումներով, քաշքշելով կամ խփելով, անգամ՝ ձերբակալելով ու մեկուսացնելով, չի կարող այս շարժումը մարել: Նման մանր երեւույթների ազդեցությունը չի կարող խանգարել մարդկանց:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

«ՁԵԶ ԿԵՂԵՔԵԼ ԵՆ, ՉԵՆ ԹՈՂԵԼ ԿՐԹՎԵՔ»
12.06.2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեւան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը՝ առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին, զրկելով պատշաճ կրթությունից։

Էլիտայի ներկայացուցիչները իրենց երեխաներին ուղարկում էին էլիտար դպրոցներ, իսկ մեր ժողովրդի երեխաներին ուղարկում էին, այսպես ասած, ժողովրդական դպրոցներ՝ անգրագետ դառնալու։ (Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեք զավակները սովորել են էլիտար դպրոց համարվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, աղջիկն էլ այս պահին՝ Գերմանիայում խմբ.): 2019 թվականին մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի։ Նրանք ոչ թե ուղղակի անգրագիտություն էին տարածում, նրանք այս միջոցով հպատակներ էին պատրաստում իրենց համար։ Պետք է կեղեքող այս էլիտան փոխարինվի առաջնորդող էլիտայով»։
«Ժողովուրդ» օրաթերթը այս խոսքերից հետո հարկ է համարում հիշեցնել, որ 24.01.2024թ., ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20, 6 տոկոսը չի սովորում որեւէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով. այս տարիքային խումբը, ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ»։ Նախարարը սա համարեց անթույլատրելի շեմ։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին, եւ նա խաբել է:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ «ՀԱՅԱՔՎԵ»-ԻՑ
Տավուշի մարզի սահմանագծումն ու սահմանազատումն ընդհանրապես օրենքից դուրս է։ Այս մասին երեկ՝ մայիսի 14-ին, Դատախազության բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ. «Սահմանազատումը եւս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետեւ ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից. բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաեւ ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն, եթե որեւէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ եւ այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները»։
Ավետիք Չալաբյանն ասաց, որ սակայն որեւէ ներպետական գործընթացով այդ պայմանագիրը չի անցել։ Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացին բացառիկ իրավունք ունի որոշելու, թե որն է տարածքի սահմանը. «Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է, իսկ տվյալ դեպքում Կիրանցում ամբողջ բռնությունն ու կոնֆլիկտը պայմանավորված է նրանով, որ գյուղի մի մասը հանձնվում է Ադրբեջանին։ Որեւէ կերպ չի կարելի, որ որեւէ պաշտոնատար անձ իր վրա վերցնի այդպիսի լիազորություն, որը կհամարվի լիազորությունների անցում։ Եթե կազմակերպված խմբի միջոցով է արվել, նաեւ էական վնաս է հասցվել, ապա դա ծանրացուցիչ հանգամանք է, որը սահմանում է 4-5 տարի ազատազրկում»։
Նա ասաց, որ իրենք այժմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու եւ հետամուտ են լինելու, որ քրեական վարույթ նախաձեռնեն։
Չալաբյանի խոսքով՝ քանի դեռ չկա միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն ու համակեցության կանոններ երկու երկրների միջեւ, հնարավոր չէ սահմանազատում ու սահմանագծում իրականացնել։




Լրահոս