Երեկ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվել՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու եւ կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երեւան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու եւ կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60 սմ երկարությամբ պատյանով սուր։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը, 3 օր մասնակցելով Երեւան քաղաքի Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր:
Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է. ու մինչ իրավապահները կպարզեն, թե սուրը ինչ նպատակով է եղել քաղաքացու մոտ, մեկ այլ գործով ուշագրավ վիճակ է:
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Tik Tok սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու եւ հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը եւ դրա վերաբերյալ TikTok հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին:
Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու վերաբերյալ։
Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Եվ ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահները վերոնշյալ անձանց նկատմամբ որեւէ քրեկան գործ չեն հարուցել եւ նրանց ազատ են արձակել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է՝ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ
Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 13-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մուշ-2 թաղամասում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ալֆա Ռոմեո» մեքենային: Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա վարորդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Նա, ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու եւ կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին:
39-ամյա տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ապօրինի կալանքի ժամկետը երկարաձգվել է. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Բինագադիի շրջանային դատարանը քննարկել է Ղուկասյանի կալանքը երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը, որն առաջարկվում է Ղուկասյանի կալանքը երկարաձգել եւս մի քանի ամսով՝ նախաքննության միջոցառումների շարունակման կապակցությամբ։
Դատարանը բավարարել է միջնորդությունը, եւ Ղուկասյանի կալանքը երկարացվել է եւս հինգ ամսով։
Հիշեցնենք, որ ԱՀ նախկին նախագահը ձերբակալվել էր Արցախում այս տարվա սեպտեմբերին, ինչից հետո նրան տեղափոխել էին Բաքվի բանտ:
ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸ
2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Խ. Աբովյան փողոցում, վրաերթի ենթարկվելու հետեւանքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գեւորգյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժած անձը հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գեւորգյանը, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ եւ կարմիր փարոսիկները եւ հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։ Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Մայիսի 11-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Մասիս են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները ու տեղում պարզվել, որ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ.-ն է, «Opel»-ի վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ.-ն, եւ ուղեւորները, որոնք մայիսի 11-ին` ժամը 19։10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով եւ մահակներով հարվածներ են հասցրել Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ Դ.-ին, որն էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել: Դեպքի վայրի զննությամբ փորձագետի կողմից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մի քանի պարկուճ:
Ոստիկանները մայիսի 12-ին Տիգրան Մ.-ին հայտնաբերել ու ձերբակալել են: